.jpg)
ԵՄ-ն կօգտագործի Հայաստանի հետ աշխատելու փորձը
«Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրի շրջանակում Երևանում այսօր բացվեց ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդի 4-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցեմբերգերը: Նիստի ընթացքում ներկայացվեց ԵՄ խորհրդատվական խմբի չորրորդ (2010 թվականի հունվար-մարտ ամիսների կտրվածքով) Եռամսյակային հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեց 2010 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված Գործողությունների ծրագրի նախագիծը:
Նիստի բացման խոսքում Ա.Բաղդասարյանը, ամփոփելով ԵՄ խորհրդարանական խմբի 1 տարվա գործունեությունը Հայաստանում, բարձր գնահատական տվեց անցկացված աշխատանքներին: Նա նշեց, որ դրական արդյունքներ կան արդեն համագործակցության երեք ոլորտներում` արտոնագրերի, արդարադատության ազատության և ազատ առևտրաշրջանառության ուղղություններով: Ա.Բաղդասարյանը նաև հույս հայտնեց, որ ասոցիացված համաձայնագրի և ազատ առևտրաշրջանառության մասին փաստաթղթերի ստորագրումը նոր դինամիկա կհաղորդի Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, ինչը նոր խթան կտա նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
Իր հերթին Ռաուլ դը Լյուցեմբերգերը ուրախություն հայտնեց դրական գնահատականների համար, նշելով, որ Հայաստանում խորհրդատվական խմբի գործունեությունը նման աշխատանքների առաջին փորձն է: Նա հայտնեց, որ հայաստանյան փորձը կկիրառվի մյուս երկրների հետ աշխատանքի ժամանակ, որոնցից առաջինը Մոլդովան է լինելու: Նա նաև նշեց ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ֆինանսական ծրագրերի փուլերի երկարացման անհրաժեշտության մասին:
Նիստին մասնակից Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ևս գոհունակություն հայտնեց Հայաստանում խորհրդատվական խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշելով մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն ծրագրերի, իրավական և այլ ոլորտներում արձանագրված արդյունքների մասին: Նա ևս կարևորեց Ասոցիացված համաձայնագրի և ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը` Հայաստանում բարեփոխումների շարունակելիությունն ապահովելու նպատակով:
Այս պահին նիստը շարունակվում է: