Էդուարդ Ասլանյանի վաստակը գնահատվեց
11/06/2010 19:10

Էդուարդ Ասլանյանի վաստակը գնահատվեց

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հունիսի 11-ին «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչում է շնորհել ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, FIAS-ի մրցավարական հանձնաժողովի անդամ Էդուարդ Ասլանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը բարձր է գնահատել մեր երկրում սամբո մարզաձևի զարգացման գործում Էդուարդ Ասլանյանի ունեցած անգնահատելի ներդրումը: Էդուարդ Ասլանյանը 1968 թվականից է սկսել մարզվել սամբո մարզաձևով, հանրապետության բազմակի չեմպիոն է, համամիութենական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Ունի մարզիչ-մանկավարժի որակավորում: 1978 թվականից սկսել է մարզչական գործունեությունը «Սևան» մարզական ընկերությունում: 1981 թվականից աշխատել է Երևանի քաղաքային սպորտկոմիտեի մենապայքարային մարզադպրոցում` որպես մարզիչ, ավագ մարզիչ, իսկ 1987 թվականից մինչև 1998 թվականը` ուսմասվար: 1988 թ. ստացել է համամիութենական կարգի մրցավարի կոչում:

Էդուարդ Ասլանյանը 10 անգամ ընդգրկվել է աշխարհի տարվա 10 լավագույն մրցավարների շարքում: Սամբոյի զարգացման գործում կատարած աշխատանքների համար նա FIAS-ի կողմից պարգևատրվել է արծաթե, իսկ ՌԴ սամբոյի ֆեդերացիայի կողմից` ոսկե մեդալներով: 2009 թ. ՀՀ ոստիկանությունում 20 տարի ծառայությունից հետո մայորի կոչմամբ անցել է կենսաթոշակի: Պարգևատրվել է «ՀՀ ոստիկանության գերազանցիկ» կրծքանշանով:
 

Էդուարդ Ասլանյանի վաստակը գնահատվեց