Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ
11/06/2010 17:26

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այսօր կայացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբի (Alexander Stubb) հանդիպումը:

Նախարար Նալբանդյանը ողջունել է Ալեքսանդր Ստուբբի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկկողմ օրակարգի և համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի և սկանդինավյան տարածաշրջանի հետ բազմաոլորտ և փոխշահավետ գործակցության զարգացումը և այդ նպատակով օրակարգում է տարածաշրջանում Հայաստանի դեսպանության հիմնումը:

«Մենք տեսնում ենք Ֆինլանդիան` որպես վստահելի գործընկեր և ցանկանում ենք խորացնել մեր քաղաքական երկխոսությունը կանոնավոր խորհրդակցությունների և միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության միջոցովե, - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ալեքսանդր Ստուբբը նշեց, որ ուրախ է այցելել Հայաստան և շարունակել շուրջ երկու տարի առաջ սկսված երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ստուբբը գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:

Նախարարները մտքեր փոխանակեցին նաև հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ուղիների վերաբերյալ:

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանը:

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ներառյալ` արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ