.jpg)
Գ. Սահակյանն իր մեջ խնդիրը լուծելու ուժ է գտել
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառանալով «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինգծի վերաբերյալ ԱԺ քննարկումներին, հայտնեց, որ չի կարծում, թե մեծ քննադատություններ են հնչել, սակայն պարզ է, որ «դեռևս խնդիրն ավարտված չէ, քննարկումները շարունակվելու են, պարզապես տեսակետներ կան` շատ հաճախ բևեռված, շատ հաճախ` անձնազոհ, և քաղաքական թիմերը պետք է կարողանան իրենց առաջարկություններով հանդես գալ»:
Գ. Սահակյանը ճիշտ է համարում իրենց կողմից ընտրված ուղին` այն է` «ոչ թե հապշտապ օրենք ընդունեցին, այլ հարցի քննարկումը գործընթացի մեջ թողեցին, որի ընթացքում կլինեն նաև խորհրդարանական լսումներ»: Նա նշեց, որ իրենք ևս որոշակի բանաձևումներն ունեն, բայց դրանք վերջնական չեն և, հնարավոր է, որ «ամռան ընթացքում ավելի լավ մեկնություններ կամ սկզբունքային ավելի որակյալ արձանագրություններ առաջարկվեն, որոնք պատրաստ կլինենք քննարկել»:
«Ամենակարևորը, որ պարզ դարձավ, որ խնդիրը կա, լուծումը բանավեճի արդյունքում պետք է լինի, և կարծում եմ, որ այն կօգնի, որպեսզի ավելի արդյունավետ որոշումներ կայացվեն»,- հայտնեց Գ. Սահակյանն ու հավելեց. «Մենք հարգում ենք բոլոր տեսակետները, չենք վիրավորվում նաև չինֆորմացված ժողովրդից, համենայն դեպս, ես կոնկրետ ուրախանում եմ, որ կրակը թեժանում է լեզվի հարցերում, և պատահական չէ, որ ասացի` պետությունները ստեղծվում են, որպեսզի ազգի 2 գործիքները պաշտպանեն` լեզուն ու հողը, այս չափորոշիչներով ինչ անենք, պետք է համոզված լինենք, որ դա ենք պաշտպանում, իսկ սկզբունքները շատ են»:
Ամփոփելով իր խոսքը` խմբակցության ղեկավարը նշեց, որ իր տեսակետը շատ կարծր է, սակայն` «Ես իմ մեջ ուժ եմ գտնում, որպեսզի այնպիսի մի որոշում կայացվի, որ բոլոր կողմերի համար ինչ-որ չափով ընդունելի լինի»: