Մոնթե` հայ ժողովրդի սուրբ նահատակ
11/06/2010 15:33

Մոնթե` հայ ժողովրդի սուրբ նահատակ

Հունիսի 12-ին լրանում է Արցախյան հերոսամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 17 տարին: Նրա մասին իրենց հուշերն են պատմել հատուկ նշանակության խմբի հետախուզական դիվերսիոն խմբի հրամանատար Վովա Վարդանովը և «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը:

Վ. Վարդանովը, պատմելով Մոնթե Մելքոնյանի հետ իր ծանոթության մասին, նշեց, որ Մոնթեն լի էր մարդկային ամենաբարի հատկանիշներով. «Ես ծանոթացա սփյուռքահայ մի տղայի հետ, որի անունը Մոնթե էր ։ Սակայն ինքը ներկայանում էր որպես Ավո։ Ես կտրականապես դեմ էի սփյուռքահայ ընդգրկել ջոկատի կազմում։ Բայց հետը զրուցելով` հասկացա, որ նա շատերից շատ ավելի հայ էր»։

Ասալայի նախկին անդամ, Մոնթեի ընկեր և «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանն էլ նշեց. «Մոնթեն հայ ժողովրդի համար սուրբ նահատակ է: Նա գաղափարական և բարոյական կերպար էր»: Ենիգոմշյանի խոսքով, Մոնթեն անբիծ ու մաքուր մարդ էր, որը երբեք իր հրամանատարի կարգավիճակը չէր օգտագործում հանուն անձնական շահերի։

«Ներկայիս քաղաքական և մնացած ոլորտների հրամանատարները կարիք ունեն դասեր քաղելու այն հատկանիշներից, որ ուներ Մոնթե Մելքոնյանը: Մոնթեն աննկարագրելի կամքի ուժ ուներ, նրա համար հուսահատություն բառը գոյություն չուներ, նույնիսկ ամենադժվար պահերին նա հավատում էր և հաղթանակի կամքով կարողանում էր իրականացնել մեծ հաղթանակներ»,- ընդգծեց Ա. Ենիգոմշյանը:
 

Մոնթե` հայ ժողովրդի սուրբ նահատակ