.jpg)
ԲՀԿ-ն ընդունում է օտարալեզու դպրոցները` միայն ավագ դպրոցում
«Այլալեզու դպրոցները մեզ համար ընդունելի են բացառապես ավագ դասարաններում և մենք պատրաստ ենք կոալիցիոն մեր գործընկերների հետ քննարկել այդ տարբերակը, իսկ ինչ վերաբերում է 1-2 մասնավոր դպրոցներին, որոնք անպայման պետք է ապահովեն բարձր միջազգային մակարդակի կրթական ուսուցում, ապա մենք հնարավոր համարում ենք քննարկել 1-2 դպրոցների հնարավոր խնդիրը, որտեղ դասավանդումը պետք է լինի` սկսած առնվազն 7-րդ դասարանից, և այդ դպրոցների խնդիրը պետք է հստակ ամրագրվի օրենքով»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
Բացի այդ` պատգամավորը նշեց, որ իրենց առաջարկի համաձայն` «այդ 1 կամ 2, բայց ոչ ավելի, դպրոցները պետք է պարունակեն սոցիալական փաթեթ, այսինքն` մասնավոր ներդրողները պետք է ապահովեն նաև սոցիալական փաթեթ` շնորհալի ու տաղանդավոր այն երեխաների համար, որոնք վճարունակ չեն, որպեսզի վերջիններս կարողանան անվճար սովորել այդ դպրոցներում»:
Ն. Զոհրաբյանը «հասկանալի է համարում» այն, որ այսօր «լուրջ ու իրատեսական չէ ասել, թե պետությունը կարող է կրճատումներ անել սոցիալական ծախսերից և դրանք ներդնել Հանրակրթական դպրոցի վրա», հասկանում է, որ «սա ինչ-որ լուծում է` բարձրացնելու օտար լեզվի ուսուցման մակարդակը», բայց դիրքորոշումն ամփոփոխ է` «բարձրացրեք մակարդակը, բայց նման ուսուցում պետք է լինի բացառապես ավագ դպրոցներում»: Մյուս կողմից` «1-2 միջազգային չափանիշներով դպրոցներում հայագիտական ողջ բազայի ուսուցումը պետք է արվի զուգահեռ»:
«Մեր առաջարկն ընդունելու դեպքում մենք պատրաստ ենք համագործակցության»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանն ու հավելեց. «ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե կոնֆլիկտն է, այլ` կոնստրուկտիվ առաջարկներով, կոնստրուկտիվ համագործակցության միջոցով այս հարցը բերել օպտիմալ լուծման դաշտ»: