ՀՀ Նախագահն ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարարին
11/06/2010 16:51

ՀՀ Նախագահն ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարարին

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով և բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` նրա ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում:

Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան` շնորհիվ իր անաչառ և կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար և ցանկալի գործընկեր է Հայաստանի համար:

Արտգործնախարար Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները:

Նա նշել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետևում մեր տարածաշրջանում վերջին զարգացումներին և խնդրել է Նախագահ Սարգսյանին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ:

Կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը տարածաշրջանի երկրների միջև երկխոսության միջոցով խնդիրների լուծումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:
 

ՀՀ Նախագահն ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարարին