.jpg)
ՀՀ Նախագահն ընդունել է ԼՂ այցելած ֆրանսիացի պատգամավորներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան և Լեռնային Ղարաբաղ են այցելել հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի համաղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնությամբ:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ` Նախագահ Սարգսյանը ողջունելով հյուրերին` ընդգծել է, որ հատկապես բարձր է գնահատում Արցախ այցելելու նրանց որոշումը: «Դա ձեզ հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու իրադրությանը, լսելու Ղարաբաղի ղեկավարության, հասարակ մարդկանց կարծիքը, պատկերացում կազմելու նրանց ձգտումների և հաղթահարելիք մարտահրավերների մասին: Եվ այդ ամենը ձեզ հնարավորություն կընձեռի համապատասխան քննարկումների ժամանակ ներկայացնել ոչ թե միջնորդավորված տեղեկատվություն, այլ այն, ինչ դուք անձամբ եք տեսել և լսել»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հյուրերը Նախագահին պատմել են իրենց տպավորությունների մասին, բազմաթիվ հարցեր ուղղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ խնդիրների կարգավորման հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ասել են, որ անչափ մեծ է տարբերությունը Արցախի շուրջ մինչ այցն ունեցած իրենց պատկերացումների և փաստացի տեսածի միջև` հօգուտ վերջինիս:
Նրանց խոսքերով` ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ձգտում են ժողովրդավարական կանոններով կազմակերպել հասարակական կյանքը, ինչի վկայություններից է նաև վերջերս անցկացված հերթական ԱԺ ընտրությունները:
Հյուրերը նշել են, որ հատկապես տպավորված են այն բանով, թե ինչ անվտանգ, ապահով և խնամված է Ստեփանակերտը, ինչը բնորոշ չէ պատերազմի վտանգի ներքո ապրող քաղաքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Հայաստանի և Արցախի հանդեպ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրության համար` ասելով, որ խորհրդարանական համագործակցությունը երկկողմ կապերի զարգացման, փոխըմբռնման և վստահության ձևավորման լավագույն միջոցներից է: