.jpg)
ՀՅԴ-ն Սահմանադրական դատարան դեռ չի դիմի
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում Կառավարության կողմից ԱԺ ներկայացված փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու նպատակով ՀՅԴ-ն Սահմանադրական դատարան չի դիմի: Այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` խորհրդարնական ճեպազրույցի ժամանակ:
«Անիմաստ նախաձեռնությունների մեջ մտնել չարժե»,- հստակեցրեց Վ. Հովհաննիսյանը, ում խոսքերով` չնայած իրենք Սահմանադրական դատարանի հետ աշխատելու փորձ ունեն, սակայն այդ քայլին դիմում են «այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ հնարավորություն կա հաղթանակի»:
Պատգամավորի խոսքերով` նախորդ օրվա խորհրդարանական քնարկումները ցույց տվեցին, որ «ԱԺ բոլոր խմբակցությունների մեջ` նույնիսկ քաղաքական մեծամասնությունը կազմող, արդեն բյուրեղանում են ինչ-որ մոտեցումներ»: Նա հաջողություն համարեց այն, որ երեկ չի կազմակերպվել հարցի քվեարկությունը, իսկ «հետաձգումը նշանակում է հավելյալ ժամանակ` այդ մտածմունքների, մտորումների և քննարկումների համար»:
«Կարծում եմ, որ առաջին ընթերցումից հետո խորհրդարանական լսումներն էլ ավելի կհստակեցնեն պատկերացումները և, մի գուցե, այդ ժամանակ հնարավոր լինի Սահմանադրական դատարան դիմելու եղանակն օգտագործել, բայց հիմա քարոզչական աշխատանքն ավելի օգտակար է և դրա մեջ ծայրահեղությունների գնալ պետք չէ»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանն, ով ամփոփելով իր խոսքը` նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարցը պետք է հասունանա, մինչդեռ այն այսօր հասունացած չէ: