Ո՞վ է պատասխանատու անլուծելի խնդիրների լուծման համար
15/06/2010 16:41

Ո՞վ է պատասխանատու անլուծելի խնդիրների լուծման համար

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված է եղել 37մլն. 730 հազար դրամ` մանկատների շրջանավարտների կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ հոգեբանական ծառայություններ մատուցելու համար: Այս ծրագրի բաղադիչներից մեկի` «Բնակելի տարածքով ապահովում» վերնագրի տակ, «Գնված բնակարանների նոտարական և կադաստրային ձևակեպումներ» ենթավերնագրի դիմաց 2009 թվականի պետական ճշտված բյուջեով նախատեսված է եղել 2մլն 273 հազար դրամ, որը 2006 թվականից իրականացնում է «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությունը»,- ասվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի` ՀՀ վարչապետին, Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարին, Վերահսկիչ պալատի նախագահին ուղղած նամակում:

Նամակում նշված է նաև, որ ըստ 2010 թվականի մայիսի 27-ի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկանքի` 54 շահառուների, յուրաքանչյուրին 30.31 հազար դրամ, վերոնշյալ բաղադրիչով տրամադրվել է 1մլն 651 հազար դրամ: Իսկ ի պատասխան պատգամավորի 17.05.2010թ. ԺԽ-Ե-0300/10 թվակիր գրության` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը պատասխանել է, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանների տրամադրում» և «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների, կահույքի, կենցաղային սարքերի և սարքավորումների տրամադրում» ծրագրերով նախատեսված միջոցները 2008 և 2009թթ. չեն ծախսվել` բնակարանների տրամադրման կարգ չունենալու պատճառով, և այժմ նախարարությունը մշակում է նոր կարգ:

«Այսինքն` առնվազն 2 տարի բնակարաններ չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին, ուրեմն չէր կարող «Գնված բնակարանների նոտարական և կադաստրային ձևակեպումներ» լինել: Հետևապես` խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում ինձ տեղեկացնել, ի՞նչ նպատակով է ծախսվել գնված բնակարանների նոտարական և կադաստրային ձևակեպումների համար նախատեսված 1մլն 659 հազար դրամ գումարը, եթե, փաստորեն, 2008-2009թթ. բնակարաններ չեն գնվել և չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 2009 թվականին այդ ո՞ր 54 շահառուներն են ստացել բնակարաններ, ինչու՞ ցուցակը չի տրամադրվում»,- ասված է նամակում և նշված է. «Բնակարանների ծրագիրը տարիներ շարունակ չիրականացվելու պատճառով` մանկատների շրջանավարտները չեն ունենում գրանցում և զրկվում են իրենց տարրական սահմանադրական իրավունքներից: Չնայած, չունենալով հաշվառում, բանակ զորակոչվում են բոլորը: Այդպիսով` եթե տարիներ շարունակ մանկատների շրջանավարտներին բնակարաններ չեն հատկացվում, ապա որտե՞ղ պետք է գրանցվեն այդ երիտասարդները, որպեսզի օգտվեն իրենց Սահմանադրական` կրթության, առողջության, աշխատանքի և այլ տարրական իրավունքներից: Արդյո՞ք գոյություն ունի որևէ կարգ (եթե այո` տրամադրել այն), որով կարգավորվում է մանկատների շրջանավարտների գրանցման խնդիրը: Եթե չկա նման կարգ, ապա Կառավարությունը ե՞րբ և ո՞ր պետական մարմնին պետք է հանձնարարի այդ կարգի մշակումը: Ո՞վ է պատասխանատու վերը նշված անլուծելի խնդրի լուծման համար»:
 

Ո՞վ է պատասխանատու անլուծելի խնդիրների լուծման համար