ԵԿԳ-ն այս տարի կգնի 29 000 տոննա խաղող` ավելի բարձր սակագնով
15/06/2010 18:49

ԵԿԳ-ն այս տարի կգնի 29 000 տոննա խաղող` ավելի բարձր սակագնով

Չնայած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքով «Արարատ» հայկական կոնյակի վաճառքն անկում է ապրել, սակայն ընկերությունն այս տարի որոշել է, որ 29 հազար տոննա խաղող է մթերելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

«Սա այն չափն է, որը գործարանը կարող է պահեստավորել»,- հայտնեց Ա. Գրիգորյանն ու հավելեց, որ մթերվող խաղողից ստացվելիք սպիրտը պահելու համար ընկերությունը ձեռք է բերել 500 հազար լիտր տարողությամբ սպիրտների հավելյալ պահամաններ, ինչպես նաև` վերանորոգվում է ընկերության հին պահամանները:

Ընկերությունը խաղող գնելու է բոլոր այն խաղողագործներից, ովքեր տարիներ շարունակ աշխատում են ընկերության հետ, ունեն համապատասխան պայմանագրեր: Բացի այդ` ընկերությունն իր դռները բացել է նաև այն խաղողագործների առաջ, ովքեր առաջին տարին պետք է վաճառեն իրենց մշակած խաղողը: Այս առիթով նա հայտնեց, որ ԵԿԳ-ը շուրջ 30 նոր պայմանագիր է կնքել խաղողագործների հետ:

Ինչ վերաբերվում է մթերման գներին, ապա դրանք պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբեր ամսին: Ա. Գրիգորյանի հավաստմամբ, սակայն, այս տարի յուրաքանչյուր կգ-ի համար առաջարկվող գինը կլինի բարձր` անցյալ տարի սահմանված գների համեմատ (Aysor` հիշեցնենք, որ ընկերությունն անցած տարի խաղող է մթերել 120-130 դրամ/կգ սակագնով):

«Ես հանրապետությունում խաղողի գնման գինը չեմ հայտարարում, ես հայտարարում են այն գինը, որը մենք պատրաստ ենք վճարել խաղողի դիմաց»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը` ի պատասխան այն հարցի, թե չնայած ԵԿԳ-ն խաղողը գնում է հայտարարված սակագնին համապատասխան, գինի ու կոնյակ արտադրող մյուս ընկերությունները խաղող գնում են անհամեմատ ավելի ցածր գներով:

Բոլոր այն խողողագործներին, ովքեր պայմանագիր ունեն ԵԿԳ-ի հետ, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, կորցրել են իրենց բերքն ամբողջությամբ` ընկերության տնօրենը տեղեկացնում է, որ վերջիններիս տրամադրված պարարտանյութի, սրսկիչների գումարները «հնարավոր է` ներվեն», քանի որ «եթե գյուղացին խաղող չի կարողանա հանձնել, ապա նա չունի այլ միջոց պարտքերը վճարելու»: Հենց այս առիթով էլ ընկերության մասնագետներն ուսումնասիրություն են իրականացնում` ճշտելու, թե քանի՞ խաղողագործ է ամբողջությամբ կորցրել իր բերքը:
 

ԵԿԳ-ն այս տարի կգնի 29 000 տոննա խաղող` ավելի բարձր սակագնով