ՀԱԿ-ն առողջապահության ոլորտի բարեփոխման հայեցակարգ ներկայացրեց
15/06/2010 17:20

ՀԱԿ-ն առողջապահության ոլորտի բարեփոխման հայեցակարգ ներկայացրեց

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Առողջապահության քաղաքականության իր հայեցակարգով: Այսօր ասուլիսի ժամանակ ՀԱԿ-ի ծրագիրը ներկայացրեցին կառույցի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախկին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը:

Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ հայեցակարգն արդեն ընդունվել է Հայ ազգային կոնգրեսի Քաղխորհրդի կողմից, և վաղվանից արդեն կներկյացվի ողջ հասարակությանը: Նա նաև տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներում հանրությանը կներկայացվի նաև կրթական ոլորտի քաղաքականության` Կոնգրեսի հայեցակարգը:

«Այս ծրագիրը կազմվել է Կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի կողմից և շատ շուտով հասարակությանն իր աշխատանքը կներկայացնի նաև կրթական հանձնաժողովը»,- ասաց նա` նշելով, որ ծրագրի հրապարակումը պայմանավորված էր նրանով, որ այս ոլորտում այսօր շատ խնդիրներ են առկա:

Խոսելով խնդիրներից, նախկին վարչապետ Հ. Բագրատյանը նշեց, որ բուժհաստատությունների օպտիմալացումը բացասական հետևանք ունեցավ ոլորտի համար, քանի որ պակասեց հաստատությունների թիվը, բայց չլավացավ սպասարկման որակը:

Բանախոսը նշեց, որ ըստ առաջարկվող հայեցակարգի` առողջապահության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի ֆինանսավորման նոր կարգ:

«Կֆինասնավորվի ոչ թե բուժհիմնարկը, այլ քաղաքացին: Կկանոնակարգվի նաև պետպատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացման քաղաքականությունը` դրանով իսկ վերացնելով բուժօգնություն ստացողներից հավելյալ առձեռն գումարներ վերցնելու արատավոր գործելաոճը»,- նշեց նախկին վարչապետը: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի` այդպիսով պետությունը կանցնի հավաստագրային ֆինանսավորման, ինչն ազատ ձևով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցապ ոլորտում, և առաջին իսկ պահանջի դեպքում` ենթակա կլինի պետության կողմից մարման:

«Սրա արդունքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կապահովվի բուժհաստատությունների միջև մրցակցությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան»,-վստահեցրեց նա:
 

ՀԱԿ-ն առողջապահության ոլորտի բարեփոխման հայեցակարգ ներկայացրեց