Հայկական հուշարձանները զբոսաշրջության զարգացման գրավականն են
15/06/2010 16:13

Հայկական հուշարձանները զբոսաշրջության զարգացման գրավականն են

«Պատմամշակութային ժառանգությունն ազգի ինքնորոշման, ինքնագիտակցման ամենակարևոր հատկանիշներից է: Ժառանգության պահպանությունից է կախված մեր ապագան, եթե կորցնենք մեր պատմամշակութային ժառանգությունը, կկորցնենք մեր հիմնական դիմագիծը»,- նման դիրքորոշում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար տրամադրվել է 230 միլիոն դրամ. «Հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ է դրա կրկնակին: Հայկական հուշարձանները զբոսաշրջության հիմնական գրավականն է: Զբոսաշրջիկները Հայաստան գալիս են հենց մեր մշակութային հուշարձանները տեսնելու համար: Եթե արտերկրում մենք պետք է որևէ բան ներկայացնենք, դա մեր հուշարձանն է»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում այսօր կա պետական պահպանության տակ առնված մոտ 25 հազար հուշարձան, իսկ ընդհանուր առմամբ` խնամքի կարիք ունեցող հուշարձանների թիվը հասնում է 40 հազարի:

Մասնագետը ցավով նշեց, որ այսօր, հիմնականում, ուշադրությունն ուղղված է ճարտարապետական կառույցների` հիմնականում եկեղեցիների վրա, սակայն կան բազմաթիվ հուշարձաններ, բրոնզեդարյան դամբարաններ, ամրոցներ, որոնք գրեթե անտեսված են:
 

Հայկական հուշարձանները զբոսաշրջության զարգացման գրավականն են