Խալաֆյանի գործով 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել
15/06/2010 18:53

Խալաֆյանի գործով 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գ.Դավթյանին, Գ.Ղազարյանին և օպերլիազոր Մ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նյութերն օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Ա.Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հիշյալ դեպքի հետ կապված խախտումները և հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Վահան Խալաֆյանը Չարենցավանի ոստիկանության բաժնում հարցաքննության ժամանակ, ըստ պաշտոնական վարկածի, դիմել էր ինքնասպանության:

Խալաֆյանի գործով 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել