.jpg)
Խոսրովում կան բույսեր, որ կարելի է օգտագործել բոլոր ասպարեզներում
«Խորսորվը հարուստ է իր կենսաբազմազանությամբ, բայց այդ վայրերը կենսաբազմազանության տեսակետից որևիցե արժեք չեն ներկայացնում, որովհետև դրանք մարդու կողմից ձևափոխված լանդշաֆտներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման Հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը` անդրադառնալով Խոսրովի արգելոցում 2007թ.-ին ստեղծված Գիլան արգելավայրին:
«Մենք նախադեպ ունենք Ջրվեժի անտառպուրակի հետ կապված»,- իր հերթին նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և, հիշեցնելով ԲՆ Հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանի այն հավաստումը, որ Ջրվեժի անտառպուրակի տարածքները նշանակություն չունեն, որ այնտեղ էնդեմիկ բույսեր չկան, Կ. Դանիելյանը ընդգծեց, որ այդ ժամանակ բուսաբաններն ապացուցեցին, որ դա այդպես չէ, ակնհայտ սխալ է տեղի ունեցել` նախարարությունն էլ համաձայնել է և կառավարությունը իր որոշումը փոխել է:
Ինչ վերաբերում է Գիլանի արգելավայրի ստեղծմանը, ապա Կ. Դանիելյանը շեշտեց, որ երբ տեղի էր ունենում ռեժիմի փոփոխությունը, և տարածքը արգելավայրի կարգավիճակ էր ստանում, պետք էր հանրային լսումներ անցկացնել:
«Ինչո՞ւ հանրության հետ դա լայնածավալ չի քննարկվել, որպեսզի հիմա այդ բոլոր մտավախությունները չհնչեին»,- հարց բարձրացրեց Կարինե Դանիելյանը:
«Մենք դրական փորձ չունենք, ունենք բացասական փորձ` ամեն տեղից մի կանաչ տարածք, մի պահպանվող տարածք փորձում են պոկել ու բիզնեսի համար ծառայեցնել, առավել ևս, որ Խոսրովում կան բույսեր, որ կարելի է օգտագործել բոլոր ասպարեզներում»,- շեշտեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահը: