.jpg)
Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ»
Ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է հարցին, թե Ինչո՞ւ է այդքան կարեւոր Հայաստանի համար, որ Թուրքիան ընդունի «ցեղասպանություն» ձեւակերպումը:
«Գործընթացի ամենասկզբից մենք ասել ենք մեր թուրք գործընկերներին, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը», - հիշեցրել է ԱԳՆ ղեկավարը և հավելել, որ «մենք դիտարկում ենք քսաներորդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն որպես տուրք զոհերի հիշատակին, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու կարեւոր միջոց»:
Հարցին, թե հնարավո՞ր կլինի կանխարգելել ապագա ցեղասպանությունները, ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռաֆայել Լեմկինը` «ցեղասպանություն» տերմինի հեղինակը, ներկայացրել է Հայոց ցեղասպանությունն իբրեւ մարդկության դեմ այդ ոճրագործության արտահայտության բացատրություն:
«Մենք չառաջադրեցինք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման, թեեւ դա բավականին բարդ էր մեզ համար: Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ապագա կառուցելու: Նելսոն Մանդելան մի անգամ ասել է. «Իրական հաշտեցում չի նշանակում անցյալի սոսկ մոռացում»:
Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Թուրքիայում սկիզբ առան որոշ գործընթացներ եւ շարժումներ` միտված ցեղասպանության ճանաչմանը: Մեր կողմից կարգավորման գործընթացը նախաձեռնելուց անմիջապես հետո որոշ թուրք մտավորականներ ինտերնետային «Ներողության արշավ» սկսեցին: Մի քանի շաբաթվա ընթացքում 35.000 մարդ ստորագրեց այդ կոչի տակ:
95 տարիների ընթացքում առաջին անգամ, այս տարվա ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշվեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ես հուսով եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա կարեւոր է հենց Թուրքիայի համար: Թուրքիայում շատերը սկսում են հասկանալ դա, իսկ Թուրքիայից դուրս գրեթե որեւէ մեկը կասկած չունի այդ առումով», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Հարցին, թե ինչ է պահանջում Հայաստանը, բացի Թուրքիայի կողմից պատասխանատվության ընդունումից, նախարար Նալբանդյանը նշել է, որ իր անկախացումից սկսած Հայաստանը երբեք որեւէ հայտարարություն չի արել տարածքային պահանջների վերաբերյալ:
«Դժբախտաբար որոշ թուրքական քաղաքական ուժեր օգտագործում են նման փաստարկներ թուրքական հասարակությունում վախ սերմանելու համար», - ասել է ԱԳՆ ղեկավարը:
Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցման հնարավոր պահանջներին, Է.Նալբանդյանի կարծիքով` «դա հիպոթետիկ հարց է»:
«Ամբողջ աշխարհում կան այն ժամանակ իրենց սեփականությունը կորցրած հայերի ժառանգներ: Նրանք կարող են իրավական ուղիներով փորձել բավարարել իրենց պահանջները` անկախ այն բանից ցեղասպանությունը ճանաչված է, թե` ոչ»:
Ավստրիական պարբերականը հիշեցրել է ՀՀ նախագահ Սեժ Սարգսյանի Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում հնչեցված հայտարարությունը, որ պատմաբանների միացյալ հանձնաժողովը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիան ընդունի իր մեղքը ցեղասպանության համար: Լրագրողը հետաքրքրվել է, թե «արդյոք դա անընդունելի պահանջ է այն գործընթացի համար, որը պետք է որոշի, թե ինչ է իրականում տեղի ունեցել»: Դրան ի պատասխան, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է.
«Հայոց ցեղասպանության փաստը չի կարող հարցականի տակ դրվել: Մենք ասել ենք դա մեր թուրք գործընկերներին գործընթացի հենց սկզբում: Մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման համար միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը ունենալու է մի նպատակ` վերականգնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությունը: Բայց, իհարկե, ոչ Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու հաշվին: Հնարավոր չէ հասնել մեր ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը` Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելով»:
Հիշեցնելով, որ չորս տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց օրենք, որը պատիժ էր սահմանում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտման համար, Profil ամսագրի թղթակիցը խնդրել է ՀՀ ԱԳ նախարարին պարզաբանել, թե ինչ իմաստ ուներ ընդունել այդպիսի օրենք երկրներում, որոնք ոչ մի կապ չունեն ցեղասպանության հետ:
«Այն նույն իմաստը, որ Հոլոքոսթի հետ ոչ մի կապ չունեցող երկրներ օրենքներ են ընդունում դրա վերաբերյալ: Մենք դեռ հիշում ենք Հիտլերի սահմռկեցուցիչ բառերը. «Գնացեք եւ սպանեք առանց խղճալու: Ի վերջո, ո՞վ է հիշում հայերին»:
Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Դա վերաբերում է ամբողջ մարդկությանը եւ ոչ միայն այն զոհ դարձած ժողովրդին», - ասել է Է.Նալբանդյանը:
Դիտարկամնը, թե Գերմանիան դեռ հրաժարվում է իր պաշտոնական բառապաշարում 1915-ի իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, չնայած որ այն կրում է ընդհանուր պատասխանատվություն ջարդերի վրա աչքեր փակելու եւ ուշադրություն չդարձնելու համար և հարցին, թե ինչ է սպասում այս առումով Հայաստանը Գերմանիայից ՀՀ ԱԳ նախարարն ասել է.
«Ուղիղ հինգ տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված «Հայերի 1915-ի ջարդերի եւ տեղահանումների հիշատակումը» վերնագրված բանաձեւում ասվում է. «Բունդեսթագը ցավում է Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարության համար, որը, չնայած հայերի կազմակերպված տեղահանման եւ ոչնչացման վերաբերյալ տեղեկատվության առատությանը, որեւէ փորձ չձեռնարկեց միջամտելու եւ կանգնեցնելու այդ դաժանությունները»:
Ես հավատում եմ, որ այդ բառերն ինքնին խոսուն են: Ամեն անգամ, երբ գերմանական առաջնորդները այցելում են Յադ Վաշեմի հուշահամալիր` տուրք մատուցելու Հոլոքոսթի զոհերի հիշատակին, նրանք այդ քայլի համար արժանանում են համաշխարհային հանրության համակրանքին եւ խոր հարգանքին: Գերմանիան հաշտվել է իր սեփական պատմության հետ, եւ մենք հույս ունենք, որ Գերմանիան օրինակ կծառայի Թուրքիային` նույնն անելու համար»:
Հարցազրույցի վերջում, լրագրողի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ամսագրի հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու Ավստրիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցի ընթացքում` նշելով, որ «դրանք շատ են»:
«Մեր երկկողմ հարաբերություններում շատ ձեռքբերումներ չկան: Այնպես որ դա շատ լավ առիթ է խոսելու դրանց մասին եւ զարգացնելու նոր հնարավորություններ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը և, արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ դրանք թույլ են, հավելել է.
«Նախարար Միքայել Շպենդելեգերի այցը մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու լավ խթան կարող է հանդիսանալ»: