Էդվարդ Նալբանդյանին Բաթումիում ընդունել է Վրաստանի նախագահը
15/06/2010 11:19

Էդվարդ Նալբանդյանին Բաթումիում ընդունել է Վրաստանի նախագահը

Աշխատանքային այցով Վրաստան ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 14-ին, օրվա երկրոդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով մեկնեց Բաթում, ուր Էդվարդ Նալբանդյանին ընդունեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի Նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:

Նախագահ Սահակաշվիլին եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվեց երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում արծարծվեցին նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները:

Միխեիլ Սաակաշվիլու խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Վրաստանի նախագահը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
 

Էդվարդ Նալբանդյանին Բաթումիում ընդունել է Վրաստանի նախագահը