Կոտ Դ’Իվուար-Պորտուգալիա. խաղին ընդառաջ
15/06/2010 15:52

Կոտ Դ’Իվուար-Պորտուգալիա. խաղին ընդառաջ

Ք. Պորտ Էլիզաբեթ, 15 հունիսի 2010 թ., «Նելսոն Մանդելա Բեյ» մարզադաշտ, ժամը 19:00:
Մրցավար` Խորխե Լարրիոնդա (Ուրուգվայ):

Օպտիմալ կազմեր

Կոտ Դ’Իվուար- Բարրի, Էբուե, Դեմել, Կոլո Տուրե, Տյենե (Բոկա), Յայա Տուրե, Զոկորա, Տիոտե (Կոնե), Կալու, Ժերվինյո (Դինդանե), Դրոգբա (Դումբիա):
Պորտուգալիա- Էդուարդո, Միգել, Կարվալյու (Պեպե), Բրունո Ալվեշ, Կոենտրաո, Մենդեշ (Պեպե), Դեկու (Տիագու), Մեյրելեշ, Դաննի, Լիեդսոն (Ալմեյդա), Ռոնալդու (Սիմաու):

«Մահվան խմբում» առաջին տուրի առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, այն մարզադաշտում, որն իր անվամբ նույնիսկ հարավաֆրիկյան ազգի առաջնորդին է «ստիպում» ֆուտբոլ խաղալ: Եվ այդ մարզադաշտում այսօր հանդես են գալու այնպիսի բարձրակարգ հավաքականներ, ինչպիսիք են Պորտուգալիայի և Կոտ Դ’Իվուարի թիմերը:

Անկասկած, սա օրվա խաղն է, քանզի երկու թիմի համար էլ միայն հաղթանակը կշիռ և արժեք ունի: Ցանկացած այլ արդյունք կգնահատվի որպես անհաջողություն:

Ինչպես Պորտուգալիայի, այնպես էլ Կոտ Դ’Իվուարի հավաքականում աշխարհի առաջնության նախօրեին քիչ տհաճություններ չեն պատահել: Առաջինները կորցրեցին Նանիին, կարող են ստիպված լինել հույսեր չկապել հիմնական կազմի պաշտպան Պեպեի հետ, ում մարզավիճակն ու որակները դեռ լրջորեն անհանգստացնում են թիմի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշին: Մի խոսքով` դեռ փաստ չէ նաև, որ Պեպեն, հայտնվելով խաղադաշտում, կզբաղեցնի իր սովորական տեղը պաշտպանության կենտրոնում: Չէ՞ որ Կեյրուշը նրան փորձարկել է նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում, ուստի չարժե զարմանալ, եթե հսկա պաշտպանը հանկարծ դիրքավորվի խաղադաշտի կենտրոնում:

Շոտ խոսակցություններ կան նաև` կապված Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Հավաքականում այդ ֆուտբոլիստը, ի դեպ, պակաս արդյունավետ խաղ է ցուցադրում, քան ակումբում: Աստղային պորտուգալացին ընթացիկ առաջնությունում պետք է ձգտի կոտրել հենց այդ ստերեոտիպը:

Իվուարցիներն էլ իրենց խնդիրներն ունեն, որոնցից գլխավորը Դիդյե Դրոգբան է և նրա վնասվածքը: Ճապոնացիների հետ խաղում նրս ստացած վնասվածքը լուրջ էր, և նույնիսկ ասում էին, որ կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը: Սակայն Դրոգբան արագ վիրահատվեց, որը հաջող անցավ և «փղերի» երկրպագուներին հույս պարգևեց, որ «Չելսիի» հարձակվողը կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն: Իսկ մի քանի օր առաջ էլ լրատվամիջոցները հայտարարեցին, որ Դրոգբան արդեն լավ մարզավիճակում է և հնարավորություն ունի` խաղալու պորտուգալացիների դեմ:

Կոտ Դ’Իվուար-Պորտուգալիա. խաղին ընդառաջ