Ս. Մկրտչյան. Պետք է բարձրացնել դասագրքերի որակը
15/06/2010 14:25

Ս. Մկրտչյան. Պետք է բարձրացնել դասագրքերի որակը

«Մենք մտածում ենք այսուհետ բարձրացնել դասագրքերի և ուսումնական գրականության որակը»,- հայտարարեց «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն, «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դասագրքերի որակին վերաբերող խնդիրներին:

Դասագրքերի ստեղծման գործընթացն անկախության տարիներին Ս. Մկրտչյանը երկու փուլի բաժանեց` առաջինը մինչ օրս եղած շրջանն է, երբ կայանում էր դասագրքաստեղծությունը, երկրորդը` նոր պետք է մեկնարկի, որի ընթացքում պետք է շրջադարձային կերպով բարեփոխվի և բարձրացվի դասագրքերի որակը:

«Կարծում եմ 2-3 տարվա ընթացքում դասագրքաստեղծությունը կարող ենք հասցնել այն մակարդակի, որ մեզանից գոհ լինեն և’ մասնագետները, և’ հասարակությունը, և’ երեխաները»,- ընդգծեց հրատարակիչն ու հայտնեց, որ այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն արդեն սկսվել են:

Ս. Մկրտչյանի ղեկավարած գիտակրթական համալիրը քննարկումներ է կազմակերպում` ինչպես կլոր սեղանի, այնպես էլ ինտերնետային բանավեճերի տեսքով, որի արդյունքում մշակվելու են չափորոշիչներ, թե ինչպե՞ս պետք է ստեղծել դասագիրք և ինչպիսի՞ն պետք է լինի այն: Հենց այս նպատակով էլ համալիրը հանդիպումներ ու սեմինարներ է նախատեսում կազմակերպել նաև դասագիրք ստեղծող հեղինակների ու ստեղծագործական խմբի մյուս անդամների հետ:

«Մինչ օրս եղել են չափորոշիչներ, որոնցով գնահատվել են դասագրքերը, և Կրթության ու գիտության նախարարությունն ունեցել է չափորոշիչներ, որոնք օգտագործվում են մրցույթների ժամանակ, իսկ մենք փորձում ենք մշակել չափորոշիչներ` ինչպե՞ս պետք է ստեղծել դասագիրքը»,- մանրամասնեց Ս. Մկրտչյանն ու հավելեց, որ այդ գործառույթը վերաբերում է հրատարակիչներին, ովքեր դասագիրքը ստեղծելուց հետո այն ներկայացնում են համապատասխան պետական մարմնի դատին և ընտրությանը:
 

Ս. Մկրտչյան. Պետք է բարձրացնել դասագրքերի որակը