17/06/2010 11:02
«Մշակութային երկխոսություն»` ճապոնացի լուսանկարչի հետ
Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ կամ սիրողական լուսանկարչությամբ կամ գնահատում ու կարևորում են լուսանկարչության դերը այսօր Նարեկացի արվեստի միությունում ժամը 17:00-ին կարող են հանդիպել երկար տարիներ լուսանկարչության արվեստում իր ուրույն տեղը զբաղեցրած ճապոնացի հայտնի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի հետ: Այս մասին Aysor-ին հայտնեց ՆԱՄ հասարկայանության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Նշենք, որ ճապոնացի լուսանկարչի աշխատանքները ևս ցուցադրվում են ՆԱՄ-ում: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հունիսի 7-ին և գործելու է մինչև հունիսի 18-ը:
«Մշակութային երկխոսություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք հանդիպման ընթացքում կքննարկվեն ինչպես Հայատո Իմանիշիի արվեստը, այնպես էլ լուսանկարչության ոլորտին առնչվող առանձնահատկություններն ու գաղտնիքները:
Տեղեկացնենք, որ ճապոնացի լուսանկարիչը ստեղծագործել սկսել է դեռ ուսանելու տարիներին: Այնուհետև ճանապարհորդել է աշխարհով մեկ և, լինելով Չինաստանում, Տիբեթում, Հնդկաստանում, Վրաստանում, Հայաստանում և այլուր` անկրկնելի լուսանկարներ է ստեղծել:
Հայաստանում ցուցահանդեսով ներկայանալու հիմնական պատճառն էլ Հայաստան կատարած ուղևորությունն է ու այն խորը տպավորությունը, որը Հ. Իմանիշին ստացել է այստեղի բնությունից, միջավայրից ու մարդկանցից: