Ա. Պապյան. Ստատուս քվոն ձեռնատու է
21/07/2010 15:43

Ա. Պապյան. Ստատուս քվոն ձեռնատու է

Այսօր ասուլիսի ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանն անդրադարձավ Ալմաթիում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Բանախոսի գնահատմամբ` չնայած, որ հնչել են համանախագահող երկրների ներկայացուցիչների օբյեկտիվ գնահատականները, այնուամենայնիվ, հայկական կողմը չպիտի այդքան կարևորի դրանք:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդամենը միջնորդ է, և հիմնահարցը պետք է լուծվի հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Հայտարարություններով Մինսկի խմբի համանախագահողները պարզապես գերագնահատում են իրենց մանդատները»,-նշեց նա:

Ըստ բանախոսի` հայկական կողմին այսօր ձեռք է տալիս ստատուս-քվոի պահպանումը` առանց որևէ զիջումների գնալու:
«Ադրբեջանը միայն խոսք է տալիս, որ հիմնահարցը կարող է լուծվել առանց ուժի կիրառման, այն էլ` չստորագրելով որևէ փաստաթուղթ: Ի՞նչ երաշխիք, որ Բաքուն կհարգի պարտավորությունները»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ հայկական կողմի ցանկացած զիջում կարող է խախտել հավասարակշռությունը և աղետալի իրավիճակի հանգեցնել:

Փորձագետը նաև նկատեց, որ էապես փոխվել է հայկական կողմի դիրքորոշումը զիջումների հանդեպ: «Հայկական կողմի քաղաքականության մեջ կոշտացում է նկատվում»,- ասաց Ա.Պապյանը` նշելով, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանի որևէ իշխանություն երբեք չի գնալու միակողմանի որևէ զիջման, քանի որ դա հանրության սուր դժգոհության առիթ կդառնա և կխարխլի պետական ողջ կառույցը: