.jpg)
«Զբոսաշրջության մեծ աճ ենք կանխատեսում 2011-2012-ին»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանասյանը նշեց, որ համեմատելով նախորդ տարվա հետ` զբոսաշրջության աճ է նկատվում, որը կազմում է մոտ 20 տոկոս: Նրա խոսքերով, Հայաստան զբոսաշրջության գալիս են, հիմնականում, Եվրոպական երկրներից. «Ներգնա զբոսաշրջության աճ կա: Ճգնաժամի ազդեցությունը մեծ էր նախորդ տարի, բայց այս տարի, կարծես, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Սակայն զբոսաշրջության մեծ աճ ենք կանխատեսում 2011-2012-ին` կապված ճգնաժամի հաղթահարման հետ»,- ասաց Թանասյանը` հավելելով, որ իրանցիների վրա, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան, կարծես ճգնաժամը չի ազդել:
«Երևանից դուրս զբաղմունքի և զվարճանքի վայրեր չկան, որտեղ զբոսաշրջիկը կարող է լավ ժամանակ անցկացնել: Դա ևս նպաստում է, որ տուրիզմը հետընթաց ապրի»,- ընդգծեց Ե. Թանասյանը:
Երկրորդ խնդիրը, ըստ փորձագետի, սեզոնային է: Ըստ նրա` սեզոնային զբոսաշրջությունը Հայաստանում ձմռանը տևում է 3-4 ամիս` օրինակ` Ծաղկաձորի ձմեռային հանգիստը. «Պետք է առաջընթաց ապահովել բորոր սեզոններին»:
Մասնագետը նշեց նաև, որ Հայաստանում սեպտեմբերը համարվում է զբոսաշրջության համար «պիկ ամիս»: Ըստ Թանասյանի` նախորդ տարի 580 հազար զբոսաշրջիկ է եղել Հայաստանում:
Խոսելով Հայաստան-Թուրքիայի սահմանի հնարավոր բացման և ոլորտի վրա դրա ազդեցության մասին` մասնագետը վստահորեն ասաց, որ այցերը դեպի Հայաստան կրկնակի կշատանան: