.jpg)
Գ. Մինասյան. Գնաճի տեմպերը մինչև տարեվերջ պետք է նվազեցվեն
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանասավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2010 թվականի առաջին կիսամյակի տնտեսական տվյալներին:
Նշենք, որ ըստ վիճակագրական ծառայության` առաջին կիսամյակը Հայաստանը փակել է 6,7 տոկոս տնտեսական աճով: Բարձր են նաև ներմուծման և արտահանման աճի տեմպերը. 55,9 տոկոսի աճ՝ արտահանման և 24,4 տոկոսի աճ՝ ներմուծման բնագավառներում։
Ըստ Գ. Մինասյանի` գյուղատնտեսական ոլորտում արձանագրված 13,1 տոկոս անկումը պայմանավորված է, հիմնականում, ձմռան և գարնան ամիսներին ոչ բարենպաստ եղանակային պայմաններով: Խոսելով արդյունաբերության ոլորտում 12,3 տոկոս աճի մասին, պատգամավորը հիշեցրեց, որ հենց այս ոլորտում կառավարության կողմից հակաճգնաժամային ակտիվ միջոցառումներ են իրականացվել: Պատգամավորի գնահատմամբ` այդ ոլորտում նման աճը վկայում է, որ կատարված ներդրումները արդյունավետ էին:
«Սա, իհարկե, շատ ուրախալի է։ Համոզված եմ, որ այս ոլորտում արձանագրված աճը կպահպանվի մինչև տարեվերջ»,- ասաց նա՝ հատկանշական համարելով այն, որ բավական կայուն տվյալներ են ամրագրվել նաև ծառայությունների ու շինարարության մասով։
«Ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 6,1 տոկոս աճ, իսկ շինարարության ոլորտում, ինչպես հայտնի է, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 4,1 տոկոս աճ»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավորը։
Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ գնաճի տեմպերը Հայաստանում շարունակում են բավական բարձր մնալ` համեմատծ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված 5,5 տոկոսը: Գ. Մինասյանի գնահատմամբ` նման պայմաններում գործադիրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մինչև տարեվերջ գնաճը նվազի և տեղավորվի բյուջեում նշված շրջանակներում։