.jpg)
«Թուրքիան մեջքով Արևմուտք և դեմքով Արևելք է կանգնած»
«Նեոօսմանիզմի գաղափարը Թուրքիայում շատ կարճ ժամանակահատվածում մեծ թափ է առնում»,- նշեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ում կարծիքով, Թուրքիան սխալ քաղաքական մեկնարկ է ընտրել, քանի որ «այսպիսի մեկնարը միջազգային հարաբերություններում չի ներվում, իսկ Թուրքիան բավականին հավակնոտ կերպով է ցանկանում մեջտեղ գալ»:
Ըստ Հ. Դեմոյանի` տեղի է ունենում Թուրքիայի նոր նշանդրեքն Արևելքի հետ: Նա նշեց, որ «նմանօրինակ նշանդրեք Թուրքիան ունեցել է 1963 թ-ին Եվորպայի հետ, սակայն հարսանիք այդպես էլ չիրականացավ, և նկատվում է նշանը հետ տալու գործընթաց»:
«Փորձ է կատարվում զույգ կազմել իսլամական երկրների հետ, և սա տեղի է ունենում հակաքրիստոնեական ֆոնի վրա»,- ընդգծեց Հ. Դեմոյանը, ով նշեց, որ Թուրքիան խնդիր ունի` ճշտելու իր ռազմաքաղաքական ստրատեգիան, իսկ այդ ճշգրտումը հետևյալն է` «մեջքով Արևմուտք և դեմքով Արևելք, ինչը հետևանքային է լինելու, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան բոլոր թելերով կապված է եղել Արևուտքի հետ, իսկ այդ թելերն այսօր կտրվում են»:
Այս առումով ցեղասպանագետը նշեց, որ Թուրքիայի դեմ տարբեր մահակներ կկիրառվեն, այդ թվում` քրդական հարց և Հայոց ցեղասպանություն կոչվող մահակները, ինչի հետևանքով էլ «Թուրքիայի դիմաց բավականին դժվար դիլեմա է դրված` և’ Արևմուտքին սիրաշահել, և’ Արևելքին:
Հ. Դեմոյանի դիտարկումները ցույց են տալիս նաև, որ Թուրքիան ճգնաժամի մեջ է նաև ապագան կառուցելու խնդրում. «Ու՞ր է շարժվելու այդ երկիրը, չէ՞ որ չի կարող մեկ ոտքով լինել Արևելքում, մեկ ոտքով` Արևմուտքում»: Հենց այստեղ էլ, ըստ նրա, Թուրքիան հետևյալ բանաձևն է կիրառում. եթե չեք ընդունում մեզ Եվրոպա, ապա մենք Եվրոպայի ներսից ենք գործում:
«Անկարայի ուղղորդմամբ քաղաքականություն են իրականացնում թուրքական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր փորձում են ստորին և միջին օղակի իշխանություններում ստեղծել ինտելեկտուալ խմբավորումներ, որոնք իրենց լուրջ դերակատարությունը կունենան տվյալ երկրի քաղաքականությունում»,- մանրամասնեց Հ. Դեմոյանն ու ամփոփելով իր խոսքը` նշեց. «Այսպիսով, ցանկանում են ասել, որ եթե Թուրքիան չի մտնելու Եվրոպա, ապա թուրքերն են գործում Եվրոպայի ներսում»: