.jpg)
«Մենք վաճառում ենք թանկ, պատմամշակութային զբոսաշրջություն»
Շատ հաճախ զբոսաշրջիկները, մեկ անգամ լինելով Հայաստանում, այլևս չեն ցանկանում կրկնել իրենց այցը: Նման դիրքորոշում ներկայացրեց լրագրողներին «Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը:
«Մեր երկիր ժամանած հյուրերը իջնում են օդանավակայանում և միանգամից հիասթափվում երկրից` սկսած օդանավակայանի աշխատողներից, բեռանկիրներից` մինչև օդանավակայանի տարածքում երկրի հյուրերին սպասող տաքսու վարորդներ, ովքեր առիթը բաց չեն թողնում` ավելի շատ փող ստանալու Հայաստան ժամանած տուրիստից»,- ասաց Գրիգորյանը:
Մասնագետի խոսքերով, միջազգային զբոսաշրջային ճաշակները և հետաքրքրությունները շատ արագ` գրեթե 6 ամիսը մեկ, փոփոխվում են, և պետք է անընդհատ հասցնել պահանջարկը բավարարել:
Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը` որպես զբոսաշրջության վայր, թանկ է, «քանի որ մենք վաճառում ենք պատմամշակութային զբոսաշրջություն, որն ամբողջ աշխարհում է թանկ»: Սակայն, ըստ հյուրանոցի տնօրենի, պետք է լինի նաև այլընտանքային տարբերակ, որն է, օրինակ, արկածային զվարճանք-բնություն համակցությունը` պատմամշակութայինի հետ:
Հայաստանի հյուրանոցների միության տնօրեն Ամալյա Ստեփանյանն էլ իր հերթին ասաց, որ շատ հաճախ մարդու վճարած գումարը չի համապատասխանում իր սատացած վերաբերմունքին և սպասարկումին: Նա ասաց, որ համապատասխան սպասարկում չի լինում, քանի որ Հայասատանում բարձրակարգ մասնագետներ չկան:
Ստեփանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լինելու են հատուկ վերապատրաստման դասընթացներ ոչ միայն սպասարկող անձնակազմի, այլև` հյուրանոցների տնօրենների համար: