.jpg)
Ֆրանսահայ քաղաքապետը իր ամառային հանգիստը կանցկացնի Երևանում
Ֆրանսիայի Սեն–Շամոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանն այս օրերին գտնվում է Երևանում, որին նախօրեին ընդունել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Սեն–Շամոնը 36000 բնակչություն ունեցող ֆրանսիական փոքր քաղաք է։ Սեն–Շամոնի հայազգի քաղաքապետը իր ընտանիքի անդամների հետ ամառային հանգիստն այս տարի որոշել է անցկացնել հայրենիքում։ Նրանք, ի դեպ, առաջին անգամ են Երևանում։
Երևանի քաղաքապետը ողջունել է հայրենիք այցելելու Սեն–Շամոնի քաղաքապետի նախաձեռնությունը։ Գագիկ Բեգլարյանի խոսքով երկու քաղաքների միջև պետք է ստեղծվեն ջերմ հարաբերություններ և համագործակցությունը պետք է դրվի գործնական հիմքերի վրա։ Երևանի քաղաքապետը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքում ընթացող ծրագրերն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում տարբեր ոլորտներին առնչվող կոնկրետ ծրագրեր մշակել, որոնք հիմք կծառայեն հետագա համագործակցության համար։