Սահակաշվիլին իրեն «դատապարտել» է իշխանության
21/07/2010 13:18

Սահակաշվիլին իրեն «դատապարտել» է իշխանության

Վրաստանում մշակվում է նոր սահմանադրության նախագիծ, որը երկիրը նախագահական կառավարման համակարգից կդարձնի խորհրդարանական: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ.ռու»-ն, նոր մայր օրենքը, հնարավոր է, ընդունվի արդեն սեպտեմբերին, ինչը Միխայիլ Սահակաշվիլիին հնարավորություն կտա, նստելով խորհրդարանական աթոռին, պահպանել Վրաստանի իշխանությունը նաև 2013 թ-ից հետո, երբ կլրանա նրա նախագահության ժամկետը:

Նոր սահմանադրության նախագիծը հաստատվել է երկուշաբթի երեկոյան` պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել է նախորդ տարի նախագահ Սահակաշվիլու կարգադրությամբ: Նախագծին կողմ է քվեարկել հանձնաժողովի 47 անդամներից 44-ը:

Ինչպես նշում է թերթը, հանձնաժողովի ներկայացուցիչ Ավթանդիլ Դեմետրաշվիլին, բացատրելով փոփոխությունների էությունը, հայտնել է, որ նախագիծը միտված է Վրաստանը նախագահական հանրապետությունից խորհրդարանական դարձնելուն, որտեղ գլխավոր դերը վերապահված կլինի խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրված վարչապետին:

«Նախագահը երկրորդ պլան է մղվում կամ նույնիսկ` երրորդ: Առաջին դիրք է գրավում ժողովրդի կողմից ընտրաված խորհրդարանը և խորհրդարանական մեծամասնությամբ ձևավորված կառավարությունը»,- հստակեցրել է Ա. Դեմետրաշվիլին ու հավելել. «Բացի այդ` կամրապնդվեն անկախ դատական համակարգ ունենալու երաշխիքները: Դատավորները կնշանակվեն ցմահ»:

Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով, սահմանադրական նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահական ընտրություններից հետո` 2013 թ-ի դեկտեմբերից:
 

Սահակաշվիլին իրեն «դատապարտել» է իշխանության