.jpg)
Նախագահը երիտասարդներին պատմել է բանակցային գործընթացի մասին
Սանկտ Պետերբուրգում արված առաջարկները հնարավորություն են տալիս շարունակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը: Այս մասին «Միասին 2010»-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի` դա է Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացի շրջանակում:
Ս. Սարգսյանը խոսեց նաև այն մասին, որ գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այսօր բանակցային սեղանին են 2007 թ-ի Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, ներկայացվել են նոր առաջարկներ.
«Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկները, թե ոչ»,- ասաց երկրի ղեկավարը:
Անդրադառնալով Բաքվից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, Ս. Սարգսյանը նշեց, որ «այն, ինչ խոսում են այդ երկրի պաշտոնյաները` թե’ մեծ, թե’ փոքր, զուտ ցանկություններն են և դրանք, հիմնականում, կա’մ ներքին սպառման, կա’մ ժողովրդի, կա’մ ցանկացածը` որպես իրականություն ներկայացնելու համար են»:
Ինչ վերաբերում է Ալմաթիում ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարությանը, Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ համանախագահողները շեշտել են Մադրիդյան երեք սկզբունքների հավասարազորության մասին ու նաև նշել, որ դրանք հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:
«Քանի որ Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, Ալմաթիում համանախագահների ներկայացրածը ևս մեկ անգամ շեշտում է, որ որևէ սկզբունք չի կարող լինել գերակա մյուսների նկատմամբ: Ինչպես նաև նրանք բավականին կոշտ խոսեցին ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարությունների մասին»,- ասաց նախագահ Սարգսյանը:
Եզրափակելով խոսքը, նա ևս մեկ անգամ կրկնեց, որ բանակցային սեղանին սանկտպետերբուրգյան առաջարկներն են և ադրբեջանական կողմը պետք է որոշի, թե ի՞նչ ձևով պետք է շարունակի բանակցությունները. «Մենք ասում ենք` հարցի լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, մնացած բոլորը` ընդունելի չեն»,- հավելեց երկրի ղեկավարը: