27/07/2010 15:24
Ա. Բոժկո. Հայաստան է ժամանելու Ուկրաինայի արտգործնախարարը
Օգոստոսին Հայաստան կժամանի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն, և երկու երկրների միջև կկնքվի ապօրինի ներգաղթի վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև` կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
Դիվանագետն անդրադարձավ նաև իր պաշտոնավարման շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցած զարգացումներին` նշելով, որ Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերություններում հիմնական գործոնը տնտեսական կապերն են։ Նա նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ավելացման միտում է դրսևորել, որը, չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին կրճատվեց 30–40 տոկոսով, այնուամենայնիվ, պահպանում է մեծացման տեմպերը:
Ա. Բոժկոյի գնահատմամբ` բարձր մակարդակի վրա են նաև հայ-ուկրաինական քաղաքական հարաբերությունները: Նա նկատեց, որ Ուկրաինայի նոր նախագահ Յանուկովիչն արդեն 8 անգամ տարբեր առիթներով հանդիպել է ՀՀ նախագահ Սարգսյանի հետ։
Բանախոսը մտահոգություն հայտնեց միայն նրանից, որ Կիևի որոշմամբ ավարտվում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ըստ Ա. Բոժկոյի` դեսպանի պաշտոնից իր հեռացման մասին տեղեկությունը վաղաժամ տարածվեց, քանի որ նոր դեսպան դեռ չի նշանակվել, իսկ նա դեռ շարունակում է իր դիվանադիտական առաքելությունը: