Շիրխանյան. Բանակը պետք է քննադատել միայն անձնավորված
16/08/2010 15:03

Շիրխանյան. Բանակը պետք է քննադատել միայն անձնավորված

«Բանակը կարելի է և պետք է քննադատել միայն անձնավորված, այլ ոչ` ամբողջովին»,- հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ու բացատրեց. «Կան մարդիկ, որոնք թերացել են, հանցավոր արարքներ են թույլ տվել, ուրեմն պետք է քննադատել նրանց, որովհետև բանակը երկրի ռազմական անվտանգությունն ապահովող մարմինն է, և երբ քննադատությունը տեղափոխվում է ամբողջ բանակի վրա, այն կտրուկ կարող է ազդել բանակի մարտունակության վրա»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցած միջադեպերին, որից հետո որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական-հասարակական գործիչներ, դատապարտելով միջադեպերը, քննադատության ենթարկեցին բանակին:

Ասուլիսին ներկա Դեմոկրատական կուսակցության առաջին փոխնախագահ Արմեն Հովսեփյանը, համաձայնելով Վ. Շիրխանյանի հայտնած տեսակետի հետ, ընդգծեց. «Բոլոր բանակներում էլ նմանատիպ դեպքեր լինում են, ու չնայած այս հանգամանքը չի արդարացնում մեր բանակում կատարվածը, բայց չպետք է ամբողջ սլաքը ուղղել բանակի ղեկավարության դեմ, բանակը վարկաբեկելուն, այն դեպքում, երբ մենք ստեղծել ենք մի համոզում, որ Հայաստանի բանակն ուժեղ է, իսկ այդպիսով մենք հարվածում ենք բանակի ուժեղ լինելու կերպարին»:

Ա. Հովսեփյանը ևս ընդունելի համարեց անձնավորված քննադատությունները` միևնույն ժամանակ անընդունելի համարելով բանակի դեմ տարվող ակցիաները, որոնք շահարկվում են Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ չունեցող հարևան-երկրների կողմից: Նա նշեց, որ նմանօրինակ դեպքերը, հակառակը, պետք է ուղղվեն բանակի ու բանակում տիրող կարգապահության ուժեղացմանը:
 

Շիրխանյան. Բանակը պետք է քննադատել միայն անձնավորված