Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 19-ին պետական այցով կժամանի Հայաստան
16/08/2010 17:48

Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 19-ին պետական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Այցելության ընթացքում ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամուլի ասուլիսը:

ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 19-ին պետական այցով կժամանի Հայաստան