.jpg)
Մինասյան. Թուրքերը շարունակելու են իրենց քաղաքական շոուն
«Թուրքական կողմն իր քաղաքական նպատակների համար քարոզչության և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Նրանք այս կերպ ցանկանում են աշխարհին ցույց տալ հայ և թուրք ժողովուրդների միջև կեղծ բարեկամությունը»,- հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Ըստ նրա` թուրքերը միշտ կարողանում են իրենց շահերը ցույց տալ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
«Թուրքական կողմն աշխարհի աչքերին թոզ փչելու համար ցանկանում է կեղծ բարեկամություն խաղալ հայերի հետ: Ճիշտ է, եկեղեցին թոզ չէ, սակայն Սուրբ Խաչն այժմ ավելի շատ նման է թանգարանի»,- ասաց պատամաբանը և ավելացրեց, որ եկեղեցին առանց խաչ է, իսկ մեկ օրով խաչ տեղադրելն ու հանելը ճիշտ չէ:
Մինասյանը վստահ է, որ Թուրքիան նման միջոցառումներ միշտ կատարում է իր շահերից ելնելով, «իսկ տվյալ դեպքում մեր շահը պետք է լինի մշակութային արժեքի պահպանումը»:
«Թուրքերը միևնույն է կատարելու և շարունակելու են իրենց քաղաքական շոուն, եթե նույնիսկ մենք չմասնակցենք պատարագին»,- կարծում է Է. Մինասյանը:
Իսկ ասուլիսին ներկա Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ ասաց, որ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայկական կողմի մասնակցության հարցը չպետք է քաղաքականացնել, քանի որ այն եկեղեցական և հոգևոր հարց է:
«Մենք այս հարցը չպետք է քաղաքականացնենք: Եթե հայկական կողմը մասնակցի պատարագին, ապա այն մեծ լիցք կտա Թուրքիայում ապրող հայերին` ակունքներին մոտենալու և ազգայինով ոգեշնչվելու համար»,- ասաց Դևրիկյանը` հավելելով, որ բոյկոտելով` հայերն աշխարհին կներկայանան որպես «ինքնամեկուսացած, անհանդուրժող ագրեսիվներ»: