«Ռուսական Ս-300 (C-300) զենքը Բաքու չի գնալու»
16/08/2010 15:36

«Ռուսական Ս-300 (C-300) զենքը Բաքու չի գնալու»

«Վստահ եմ, որ Ռուսական Ս-300 (C-300) զենքը Բաքու չի գնալու, որովհետև Ռուսաստանում բազմաթիվ վերլուծական հրապարակումներ կան, որոնք ցույց են տալիս, որ այդ զենքի վաճառքը Բաքվին դեմ է Ռուսաստանի ազգային շահերին, այդ դեպքում ինչի՞ պետք է Ռուսաստանն ինքն իր շահերի դեմ քայլ անի: Չի լինի դա»,- հայտարարեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը:

Վ. Շիրխանյանի կարծիքով` Ս-300 համակարգի վաճառքի մասին լուրերն «ավելի շատ հնարք է, խայծ, որը ժողովուրդներին խառնեց իրար»: Նա վստահություն հայտնեց առ այն, որ զենքի վաճառքը չի կատարվի ու նշեց, որ նմանօրինակ խոսակցություններ շրջանառվել են` նաև կապված Ռուսաստանի` Ս-300 զենքը Իրանին ու Կիպրոսին վաճառելու հետ, որոնք այդպես էլ չիրականացան:

Վ. Շիրխանյանն, անդրադառնալով Ս-300 համակարգի վաճառքի հիմնավորումներին, թե այն տարվում է Բաքու, որպեսզի Բաքուն պաշտպանվի ԱՄՆ-Իրան հնարավոր ռազմական գործողություններից, անտրամաբանական համարեց:

«Ռուսաստանը կտրուկ դեմ է Իրանի դեմ այդ գործողություններին, և եթե հանկարծ ՆԱՏՕ-ն, անտեսելով Ռուսաստանի կարծիքը, սանձազերծի պատերազմ, Ռուսաստանն ինչու՞ պետք է շահագրգռված լինի պաշտպանել Բաքուն, որտեղից ՆԱՏՕ-ն պետք է հարձակվի Իրանի վրա, ինչու՞ պետք է Ռուսաստանն ապահովի այդ պատերազմի մասնակիցներից մեկի անվտանգությունն այդ աստիճան կատարյալ համակարգով»,- բացատրեց Վ. Շիրխանյանը, ով շեշտեց, որ Ս-300 համակարգն ամենաարդյունավետ պաշտպանողական համակարգն է, որի գնորդներն աշխարհով մեկ շատ են և Ռուսաստանը դրա վաճառքի խնդիրը չունի:
 

«Ռուսական Ս-300 (C-300) զենքը Բաքու չի գնալու»