.jpg)
Ինչի՞ տակ Սուրբ Խաչում աղոթել
Ինչի՞ տակ Սուրբ Խաչում աղոթել` թուրքկաան դրոշների, թե՞ Աթաթուրքի նկարի. Սուրբ Խաչը օգտագործվում է որպես թանգարան, եկեղեցի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը` խոսելով սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչում նախատեսված պատարագի շուրջ:
Նշելով, որ նախատեսվում է 6000 մարդու այցը Սուրբ Խաչ, բանախոսը շեշտեց, որ 6000 մարդու անցումը երկու սահմաններով` տեխնիկապես անհնար է, քանի որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Թուրքիա սահմանների վրա անցումը երբեմն ժամեր է տևում:
«6 000 մարդ անցնելու համար` կայծակի արագությամբ, կտևի 6000 րոպե: 6000 մարդ Վրաստանի տարածքով անցնելն անհնարին է, լավագույն դեպքում 600 մարդ` 2 օրվա ընթացքում»,- ընդգծեց Ռ. Հովնանյանը:
Ռոմիկ Հովնանյանը նաև նշեց, որ եկեղեցու տարածքը մոտավորապես 100 քառ մ է առավելագույնը 100 մարդ կտեղավորվի:
«30 հրավիրատոմս է բաժանվելու, կղզին կտեղավորի 1000-ից ոչ ավել մարդ, այս պահին Աղթամար կղզում մեկ հատ զուգարան կա, մարդիկ ի՞նչ են անելու, իջնելու են լճի մե՞ջ»,- հարց է տալիս Ռ. Հովնանյանը:
Բանախոսն ընդգծեց նաև, որ սեպտեմբերի 19-ին շատերին թույլ չի տրվելու ներկա գտնվել մատուցվելիք պատարագին, իսկ Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը թուրքական կառավարությունը ուզում է «օգտագործել քաղաքական նպատակներով, շոու սարքելով, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, թե տեսեք մենք ինչքան լավ ենք հայերի հետ»:
«Եթե Ցեղասպանության հարցը քննարկվի, թուրքերը կարող են իրենց փաստարկները բերել` մենք լավ ենք, ինչո՞ւ եք խանգարում մեր հարաբերություններին»,- շեշտեց «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահը: