«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործարքը չկայանա»
20/08/2010 16:36

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործարքը չկայանա»

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Պատասխանելով Aysor-ի այն հարցեին, թե արդյո՞ք վտանգավոր միտում չկա նրանում, որ Ռուսաստանը Ադրբեջանին Ս 300 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառելու, իսկ Նախիջևանում Թուրքիան ռազմական հենակետեր է ցանկանում տեղադրել, Գագիկ Հարությունյանն ասաց, որ Ս 300 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելու շուրջ հաղորդագրությունները «շատ մտահոգիչ են»:

«Երբեք չի հաստատվել, որ այդպիսի գործարք պետք է լինի, ես կիսում եմ այն կարծիքը, որ ինչպես Իրանին էին վաճառում տխրահռչակ Ս 300-ները, այնպես էլ «բավական երկար ժամանակ» կվաճառեն Ադրբեջանին»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ առ այսօր Իրանին չի վաճառվել ոչ մի սարքավորում:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործարքը չկայանա»,- շեշտեց բանախոսը և հույս հայտնեց , որ ՀՀ և ՌԴ նախագահների քննարկման ժամանակ այս խնդիրը նույնպես կարծարծվի:

Ինչ վերաբերում է Նախիջևանում թուրքական հենակետերի հնարավոր տեղակայման խնդրին, ապա բանախոսը հիշեցրեց, որ նման խոսակցություններ կային դեռևս 1990-ականներին:

«Սա խիստ մտահոգիչ է և վկայում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին, և դա հրատապ է դարձնում ռուսական հենակետերի ամրապնդումը Հայաստանում»,- նշեց Գ. Հարությունյանը:
 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործարքը չկայանա»