.jpg)
Պայմանագիրը կարևոր է նաև տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից
«Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, պետք է դրական ազդեցություն ունենան տարածաշրջանային կայունության վրա` մասնավորապես այն փաստը, որ երկարաձգվել է ռուսական ռազմաբազաների` Հայաստանում գտնվելու ժամանակահատվածը»,- հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` գնահատելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի արդյունքները Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:
Ա. Մարկարովն առաջարկեց Գյումրիում ռուսական ռազմաբազաների գործունեության երկարացման փաստը դիտարկել ոչ միայն Հայաստանի և Ռուսատանի հարաբերությունների տեսնկյունից, այլև` տարածաշարջանային անվտանգության տեսանկյունից:
Այս առիթով անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և այն հայտարարությանը, թե ռազմաբազայի վերաբերյալ նոր պայմանագիրը փոփոխություններ չի նախատեսում ռազմաբազայի գործառույթների առումով` Ա. Մարկարովը նշեց, որ, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ստորագրված պայմանագիրը ենթադրում է, որ Հայաստանում տեղակայված զինված ուժերը պետք է պատասխանատու լինեն Հայաստանի անվտանգության համար, ինչը ենթադրում է, որ որոշ գործառույթներ փոփոխվել են, ինչպես նաև` ընդլայնվել է աշխարհաքաղաքական գործոնը, որն այժմ ընդգրկում է Հայաստանի բոլոր սահմանները:
Քաղաքագետը նշեց նաև, որ տարածքային անվտանգության տեսանկյունից պետք է դիտարկել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը, քանի որ այն զարգանում է ոչ միայն էներգակիրների ոլորտում, այլև տրանսպորտային ինֆրակառուցվածքների ոլորտում, որը ներառում է ոչ միայն Հայաստանը, այլև Իրանի Իսլամական Հանրապետությունը: