.jpg)
«Ադրբեջանցիները սնվում են չորրորդ կարգի ցորենով` անասնակերով»
Թեև գարնանային հեղեղումները մթերքի սակավություն են ստեղծել Ադրբեջանում, պաշտոնական կառույցները հայտարարում են, որ այս տարի ցորենի հետ կապված խնդիր չի լինելու: «Ազադլըգ»-ի այն հարցին, թե ինչքանով է հիմնավորված այս լավատեսութունը, տնտեսագետ-փորձագետ Վահիդ Մահեռամովն ասել է, որ ներկայում աշխարհում ցորենի սակավության հետ կապված`ամենալավ սպառվող երրորդ կարգի ցորենի շուրջ աժիոտաժ է ստեղծվել, և շատ երկրներում աճել է ցորենի հենց այդ տեսակի պահանջարկը: «Սակայն, ի տարբերություն այդ երկրների, Ադրբեջանում սեփական քաղաքացիներին սնում են չորրորդ կարգի ցորենով պատրաստված արտադրանքներով, ինչն անասնակեր է համարվում»,- ասել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ աշխարհում բավարար չափով չորրորդ կարգի ցորեն կա, և այդ պատճառով Ադրբեջանը չի բախվի ցորենի ներկրման խնդրին: «Ադրբեջանի կառավարությունը ավանդաբար պայմանագրեր է կնքում չորրորդ կարգի ցորեն ներկրելու համար:
Վրաստանում Շևառնաձեի նախագահության ժամանակ ևս բնակչությանը չորրորդ կարգի ցորենից պատրաստված հաց էին հրամցնում: Իշխանության գալու պահից, Սահակաշվիլին արգելեց այդ կարգի ցորենի ներկրումը: Ադրբեջանում ցորենի գինը չի բարձրանա այն պարզ պատճառով, որ այդ անորակ ցորենի գինն արդեն այնքան բարձր է, որ էլ տեղ չկա բարձրացնելու: Այդ ցորենի հիմնական գնորդները մասնավոր անասնապահական տնտեսություններն են: Քանի որ այդ տեսակի ցորենը չի օգտագործվում հաց թխելու, գարեջուր կամ օղի պատրաստելու համար, նրա պահանջարկն այնքան էլ բարձր չէ: Կառավարությունն էլ այդ ցորենը դրսում էժան գնելով` բերում և թանկ վաճառում է իր ժողովրդի վրա: Այս տարվա ցորենի պակասը կառավարության օգտին է, քանի որ ներկրումից կարող են բավականաչափ փող աշխատել»,- ասել է փորձագետը: