.jpg)
Հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները կրճատվում են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը խոսեց Հայաստանում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունների կրճատման մասին` նշելով, որ դրանք կրճատվել են մոտավորապես 25 տոկոսով:
«Մարդիկ չեն մշակում հողը, մենք այդ երևույթի հետ գործ ունենք»,- շեշտեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը և ներկայացրեց ցանքատարածություններից ստացված հացահատիկային կուլտուրաների բերքը` ըստ տարիների: Ըստ այդ ցուցանիշների` 2008 թ արտադրվել է 415 հազար տոննա հացահատիկ, 2009 թ.ն 375 հազար տոննա, իսկ 2010 թ.-ին սպասվում է 290 հազար տոննա հացահատիկի բերք:
«Վերջին ժամանակահատվածում, ելնելով որոշակի խնդիրներից, ցանքատարածությունները քչացել են, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- իր հերթին նշեց Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ընդունելով հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման փաստը` պատգամավոր սուբյեկտիվ պատճառներից նշեց ցանքատարածությունների ոչ ճիշտ հաշվառումը:
«Չեմ կարող ամբողջական մեկնաբանել, մինչև մասնագետները չխոսեն»,- ասաց նա:
Իսկ ցանքատարածությունների ավելացման հետ կապված, ըստ Վ. Այվազյանի, պետք է ջրի վարձի հետ կապված խնդիրները դիտարկել, էժան վարկեր տրամադրել, որոշակի օգնություն հատկացնել գյուղացուն:
Ըստ նրա` պետք է ընդհանուր միջոցառումների ծրագիր իրականացնել, որտեղ լուրջ խնդիրը ոռոգման ջրի հարցն է: