.jpg)
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին
Օգոստոսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:
Բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարևորել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության շուրջ:
Դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև` տարածաշրջանային այլ հարցերի:
Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Հանս Գունար Ադենին: