«Դ. Մեդվեդևի այցը` երկու երկրների հարաբերություններն ամրապնդող»
23/08/2010 17:00

«Դ. Մեդվեդևի այցը` երկու երկրների հարաբերություններն ամրապնդող»

«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, սրանք այնպիսի հարաբերություններ են, որոնք բնութագրվում են` որպես ռազմավարական գործընկերություն»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, գնահատելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցելությունը, հայտարարեց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Հ. Նաղդալյանի խոսքերով, այցելությունը թույլ տվեց Հայաստանին և Ռուսաստանին ամրապնդելու հարաբերությունները, ավելի հիմնավոր ասելու, որ Ռուսաստանը և Հայաստանը լուրջ գործընկերներ են և մեր հարաբերությունները զարգանում են համազոր ու միտված են բարելավելու համագործակցության բոլոր ոլորտները:

«Եթե ռազմական ոլորտում մենք մինչ այսօր ունեինք շատ լուրջ գործընկերություն, ապա տնտեսական ոլորտը հետ էր մնում դրանից, և այս այցելությունից հետո հույս ունենք, որ տնտեսական համագրծակցքությունը ևս կզարգանա»,- նշեց Հ. Նաղդալյանը, ով շեշտեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է նաև հումանիտար ոլորտում, որը ևս բարձր մակարդակի վրա է:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի վերաբերյալ ստորագրած պայմանագրին` պատգամավորը նշեց, որ դրանում կատարված լրացումները թույլ են տալիս ասել, որ երկու պետությունների հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի և քայլ անելով` դեպի առաջ, «մենք ապահովում ենք ողջ Հարավային Կովկասում անվտնագության մակարդկի բարձրացումը, ինչը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր խաղացողների համար»:

«Կարծում եմ, որ հայ հասարակությունը և քաղաքական ուժերը հիմքեր ունեն բավարարվելու այցի արդյունքներով, որոնք, ամրագրվելով մի քանի փաստաթղթերով, իրենց ազդեցությունն են ունենալու նաև հեռու ապագայում»,- ընդգծեց Հ. Նաղդալյանը:
 

«Դ. Մեդվեդևի այցը` երկու երկրների հարաբերություններն ամրապնդող»