.jpg)
Փողոցային առևտուրը չի վերանում. «Դե հայ ենք, ի՞նչ ասեմ»
Եթե շրջեք Էջմիածնի փողոցներով, ոչ մի տեղ չեք հանդիպի փողոցային առևտրի «վաճառակետերի»: Մինչդեռ բավական է հասնել Էջմիածնի շուկա և տարօրինակ տեսարանի ականատես կդառնաք:
Էջմիածնում գործում է կենտրոնական շուկա: Սա դեռ Խորհրդային Հայաստանից մնացած մի շինություն է, որտեղ առ այսօր պահպանված են վաճառասեղաններն ու ցուցանակները: Սակայն, եթե շուկայի հսկայական շենքում մատների վրա կարելի է հաշվել վաճառողներին, ապա շուկայի շենքի չորս բոլորը` փողոցում` գետնի վրա, եռում է առևտուրը, որտեղ տարին 12 ամիս, և օրը` 12 ժամ, սննդամթերք են վաճառում:
Սրան նպաստող մի քանի դրդապատճառներ կան: Նախ` շուկայի շենքում առևտուր անելու համար վաճառողը շատ ավելին է վճարում «շուկայի տերերին», քան եթե իր առևտուրն անի փողոցում, ինչի արդյունքում էլ շուկայի ներսում` մաքուր ու հարմար պայմաններում վաճառվող ապրանքը շատ ավելի թանկ արժե, քան դրսում է (Aysor` որոշ սննդամթերքների համար գնային տարբերությունը գրեթե կրկնակի է, օրինակ` դրսում վարունգի կիլոգրամն արժե 50-100 դրամ, իսկ լոլիկինը` 100-150, ներսում` վարունգն արժե 150-200, իսկ լոլիկը` 200-300 դրամ):
Մյուս կողմից` բոլորին հայտնի է, որ Էջմիածնի շրջաններից գյուղաբնակներն իրենց սեփական մեքենաներով բանջարեղեն են բերում քաղաք ու ցանկանում են արագ վաճառել, ինչի համար էլ առևտուրն իրականացնում են դրսում` մատչելի գներով թարմ մթերք առաջարկելով: Հենց այս հանգամանքն էլ նպաստում է, որ գնորդը նախընտրի առևտուր անել դրսից, որտեղ «վաճառողը խեղճ գյուղացին է, ով իր ապրանքը բերել է, որ շուտ վաճառի ու մի քանի կոպեկ աշխատի», նույնիսկ այն դեպքում, երբ հայտնի է, որ դրսում էլ կան «անփոփոխ» վաճառականներ, ովքեր «հարմար գներով» ու արագ ձեռք են բերում գյուղացու ապրանքը ու գնորդին ներկայացնում են` որպես «սեփական ձեռքերով մշակած»:
Ինչևէ … սա զուտ գնորդ-ապրանք-վաճառող տեսանկյունից: Իսկ ի՞նչ է կատարվում սնունդ-ստամոքս հարաբերություններում, երբ սնունդը ամառվա տապին փողոցում է` ավտոճանապարհին ու ասֆալտի վրա` շատերին է հայտնի, բայց` քչերին է հուզում:
«Մենք զբաղվում ենք ոչ թե սննդի անվտանգության հարցերով, այլ սնունդ վաճառող կամ արտադրող օբյեկտի սանիտարական հարցերով»,- Aysor-ի հետ զրույցում մանրամասնեց Արմավիրի մարզային պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Էջմիածնի մասնաճյուղի պետ Կամսար Բաբինյանը:
Կ. Բաբինյանը հայտնեց նաև, որ իրենք իրավասու չեն վաճառողին ասել, թե ինչու՞ ես փողոցում առևտուր իրականացնում, իսկ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են սննդի արտադրությամբ ու իրացմամբ և ունեն ամսեկան 70 և ավելի միլիոն դրամի շրջանառություն, իրավասու են ստուգել, խորհուրդներ ու ցուցումներ տալ, հարկ եղած դեպքում` տուգանել:
«Ավելի քիչ եկամուտ ունեցող կազմակերպությունների կամ անհատների վաճառակետերում ու արտադրամասերում ստուգումներ անցկացնում ենք միայն այն դեպքում, երբ ակնառու խախտումներ կան, ասենք, օրինակ, թունավորման կամ համաճարակի դեպք է գրանցվել»,- մանրամասնեց տեսչության պետն ու հավելեց, որ այդ պարագայում էլ ստուգում անցկացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունից համապատասխան թույլվություն-ուղեգիր է պետք:
Արմավիրի մարզի սննդի անվտանգության տեսչությունից ևս հաստատեցին, որ ստուգումներ իրավասու են և պարբերաբար անցկացնում են 70 և ավելի միլիոն ամսական շրջանառություն ունեցող կազմակերպություններում ու ընկերություններում, մնացած դեպքերում` նախարարության հանձնարարագրով, ինչպես նաև` սպառողների դիմում-բողոքների հիման վրա: Ստացվում է այնպես, որ դրսում սննունդ վաճառողը կամ տնային պայմաններում թխվածք թխողը կստուգվի, կտուգանվի կամ գործունեությունը կդադարեցնի միայն այն պարագայում, եթե հասցրել է որևէ մեկին «ակնառու» թունավորել, այն դեպքում, երբ հայտնի է, որ դրսում վաճառվող սնունդն իր ազդեցությունը գործում է «աննկատ»` ժամանակի ընթացքում առաջացնելով քրոնիկ հիվանդություններ:
«Փողոցներում սննդի վաճառքին ևս հետևում ենք, սակայն սա այնքան չարչրքված ոլորտ է, որ դրան լուծում տալը շատ մեծ, գլոբալ խնդիր է»,- Aysor-ի հետ զրույցում մանրամասնեց Արմավիրի մարզի սննդի անվտանգության տեսչության պետ Լյուբա Եսայանը և հավելեց. «Իհարկե, ասում ենք, որ չի կարելի, քաղաքացիներին էլ դիմում ենք` չգնել փողոցից, քանի որ, եթե չլինի պահանջարկ, առաջարկ էլ չի լինի, և այդպես կարող ենք ազդել փողոցում սննդի առևտրի վրա, բայց մեր ժողովուրդը, չգիտես ինչու, նորմալ խանութը թողած` գնում է կատարում փողոցից, փոշու միջից, էլ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը»:
Լ. Եսայանը նշեց նաև, որ անկախ ամեն ինչից, իրենց տեսչությունը պարբերաբար ստուգայցեր է կատարում, մոնիտորինգ է իրականացնում և համապատասխան մարմիններին ներկայացնում իրավիճակը, վաճառողներին էլ զգուշացնում են, որ «չի կարելի դրսում սնունդ վաճառել, որ տույժ է սահմանվում» և այլ: Երկար տարիներ այս խնդրի հետ առնչված տեսչության պետը, սակայն, համոզված է, որ խնդրի «ամենաճիշտ լուծումը փողոցային առևտուրն արգելելն է, ինչի նպատակով պետք է համագործակցեն թե’ սպառողը, ով պետք է հրաժարվի դրսից գնումներ կատարելուց, թե’ քաղաքապետարանն ու ոստիկանությունը»:
«Խախտումներ գրանցելու պարագայում` հաճախակի ենք տուգանում, սակայն հակված ենք մարդուն անմիջապես ոչ թե վնաս հասցնել` տուգանել, այլ` զգուշացնել»,- նշեց Լ. Եսայանն ու հավելեց. «Բայց դե հայ ենք, ի՞նչ ասեմ»: