Կ.Ռուբինյան. ՀԱՊԿ-ը դեռ սաղմնային վիճակում է
23/08/2010 15:35

Կ.Ռուբինյան. ՀԱՊԿ-ը դեռ սաղմնային վիճակում է

«Չի կարելի մերժել, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի համար ունեցել է կայունացման իր ուրույն տեղը: Ինչ խոսք, շատ լավ կլիներ, որ ընդհանրապես ռազմական օգնության կարիք չլիներ որևէ այլ պետություններից»,- հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Ըստ նրա` Ռուսաստանի ստեղծած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, դեռ սաղմնային վիճակում է. «Այդ վիճակում է ինչպես կառույցը, այնպես էլ մեր կարգավիճակն այդ կառույցում»,- ասաց նա և ավելացրեց, որ հենց այդ համակարգում շատ հարցեր կան, որոնք դեռ լուծված չեն:

«Ռուսաստանը հին` կայսերապաշտական, իներցիայով է կառուցում իր հարաբերությունները թե’ ՀԱՊԿ, թե’ երկկողմանի հարաբերությունների շրջանակներում: Եթե խորանանք այս հարցում, ապա կտեսնենք, որ Հայաստանն անընդհատ զիջողի, անընդհատ ինչ-որ բան կուլ տվողի դերում է»,- ընդգծեց Ռուբինյանը, ում համար տարօրինակ է, որ «C-300-ի վաճառքի վերաբերյալ հայկական կողմն անընդհատ լռում է»:

«Իսկ նման C-300-ն Ադրբեջանին դարձնում են անխոցելի», - ասաց Ռուբինյանը:

Ըստ Ռուբինյանի` Հայաստանի համար ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը ձեռքբերում է, սակայն միայն բարոյահոգեբանական. «Սա մեզ հնարավորություն է տալիս, մի քիչ ապահով զգալ վերջին շրջանում ադրբեջանական զինումից և թուրք-ադրբեջանական բարեկամությունից»:

Անդրադառնալով Հայաստանում ԱԷԿ կառուցելուն` Կ. Ռուբինյանը նշեց. «Տնտեսություն զարգացնելու համար, լավ է, որ կառուցենք էներգաբլոկ, իսկ եթե մեր տնտեսությունը չի զարագանալու, ապա արդյունքում դա մեզ պետք չէ, քանի որ մի գեղեցիկ օր ռուսները կարող են դա վաճառել ինչ-որ մեկին ու վերջ»:

ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքով` ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան առաջին արարն էր, «երկրորդ արարը կլինի սեպտեմբերին, երբ Դ. Մեդվեդևը կգնա Ադրբեջան:

«Հենց այդ ժամանակ էլ Հայասատանը կընդունի մի նոր սառը ցնցուղ», - կարծում է Կարապետ Ռուբինյանը:
 

Կ.Ռուբինյան. ՀԱՊԿ-ը դեռ սաղմնային վիճակում է