.jpg)
Արցախում ռազմական գործողություններ հրահրելը` «ինքնասպանություն»
«Գլխավոր մեսիջը, որը Ռուսաստանը, ստորագրելով Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության մասին պայմանագիրը, արել է Բաքվին, այն է, որ Ղարաբաղյան հակամարտության առումով Ադրբեջանում այժմ կարող են հանգիստ քնել, քանի որ Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններ չեն լինի, հակառակ պարագայում` այն ինքնասպանություն կլինի ռազմական գործողությունները սկսող կողմի համար»,- հայտարարեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում, որին մասնակցում էին քաղաքագետներ` Ռուսաստանից և Հայաստանից:
Մանրամասնելով` Ս. Մինասյանը նշեց, որ այս տեսակետը բացատրվում է առաջին հերթին պայմանագրում կատարված փոփոխություններով, որոնք վերաբերում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործառույթներին: Ըստ նրա` դա նշանակում է, որ Հայաստանը հույսը դնում է ռազմաբազայի` ռազմական գործողություններին կոնկրետ միջամտության վրա` այն դեպքում, եթե ռազմական գործողություններ լինեն նաև Արցախի տարածաշրջանում:
«Մյուս կարևոր հանգամանքը Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունն է, որով նա հնարավոր է համարել ռուսական ռազմաբազների միջամտությունը` նաև ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ հնարավոր ագրեսիայի պարագայում»,- նշեց Ս. Մինասյանը:
Քաղաքագետը կարևորեց նաև Ռուսաստանի նախագահի տված պատասխանն այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Արցախում ռազմական գործողություններ հրահրվեն: Նա հիշեցրեց, որ Դ. Մեդվեդև պատասխանել է, թե Ռուսաստանի համար շատ կարևոր է խաղաղության պահպանումը, և հավելեց, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը համարվում է իր պարտավորությունների երաշխավորը` իր գործընկեր Հայաստանի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Ղարաբաղի տարածքում հրահրվող ռազմական գործողությունները կառնչվեն ոչ միայն Ղարաբաղին, այլև Հայաստանի Հանրապետության տարածքին ու սահմաններին, և ելնելով հենց սրանից` Մեդվեդևը նման հայտարարություն է արել»,- ամփոփելով իր խոսքը` շեշտեց Ս. Մինասյանը: