.jpg)
Հայաստանն ու Սփյուռքը միավորվում են` հանուն Տաթևի վերականգնման
10 դոլարի համարժեք նվիրատվությունը հնարավորություն է ընձեռում հրավերք ստանալ Հայաստան այցելեու և մասնակցելու «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման արարողությանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ` երկու հաղթողներ հնարավորություն կունենան ստանալ բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավերք երկու անձի համար և մասնակցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը:
5,000 ԱՄՆ դոլար արժեցող այս մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է առցանց գնել «Տաթևի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս www.tatev.am կայքից:
«Սա հնարավորություն է թե ամբողջ աշխարհի հայերի, և թե արտասահմանցիների համար ներգրավվել և փրկել հայոց պատմության 9-րդ դարի այս թագակիր զարդը», - նշում է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ֆոնդահայթայթման համակարգող Զարմինե Զեյթունցյանը: «Մենք հուսով ենք, որ ֆոնդահայթայթման ծրագրի արդյունքում նվիրատուները ժամանակ կգտնեն ուսումնասիրել այս պատմական նախաձեռնությունը, կփորձեն իրենց հանգիստը շահելու հնարավորությունը, ինչպես նաև ուրիշներին կպատմեն Հայաստանում մեր երկարաժամկետ ծրագրերի մասին»:
Ֆոնդահայթայթման ծրագրի երկու հաղթողները բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը երթևեկել Տաթև` աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն առաջինը կլինեն, ովքեր կվայելեն Որոտանի կիրճի վրայով 5,7 կմ ձգվող ճոպանուղին:
«Ֆոնդահայթայթման այս նախաձեռնությունն ընդամենը մեկն է «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված այն բազմաթիվներից, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը», - նշեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Ու եթե ֆոնդահայթայթման ծրագիրն ուղղված է Երևանում բնակվողներին և հայկական սփյուռքին, վերջին երկու շաբաթների ընթացքում մենք հայտարարել ենք շարադրությունների մրցույթ` ճոպանուղու կայանների մոտակայքում բնակվող գյուղացիների համար»:
Այսպես, Հալիձորի և Տաթևի բնակիչներին հանձնարարվել էր գրել շարադրություն, որով կառաջարկեին անուն ճոպանուղու համար` բացատրելով ընտրության պատճառը: Աշխատանքները գնահատվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայ առաքելական եկեղեցու և ճոպանուղին կառուցող ընկերության ներկայացուցիչների կողմից:
Յուրաքանչյուր գյուղից հաղթողները ստացել են նոր համակարգիչ ինտերնետի հասանելիությամբ, երկրորդ և երրորդ տեղի հաղթողները ստացել են համապատասխանաբար լուսանկարչական ապարատ և DVD նվագարկիչ: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն www.tatev.am կայքում, իսկ հաղթողների անունները կնշվեն ճոպանուղու երկու կայաններում:
«Ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի հետ կապված են մեծ սպասելիքներ», - նշեց Զեյթունցյանը: «Մենք ցանկանում ենք զարկ տալ տեղացիների երևակայությանը և ստեղծագործականությանը: Ի վերջո, ներդրումային և զբոսաշրջության զարգացման երկարաժամկետ ծրագրերն իրականացվում են նրանց ապագայի համար, որ կարողանան աշխատանք գտնել իրենց իսկ գյուղում, մնալ և հարստացնել իրենց տարածաշրջանը, հայրենիքը»:
Այս նախաձեռնության նպատակն է 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող «Տաթևի վերածնունդ» ծրագրի համար հավաքագրել միջոցներ, որոք լիովին կուղղվեն Տաթևի վանական համալիրի վերականգնմանը, տեղական գործարարության և տնտեսության զարգացմանը, որպեսզի տարածաշրջանում ստեղծվեն և զարգանան համապատասխան ենթակառուցվածքներ` ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու համար:
«Տարեկան Տաթև է այցելում շուրջ 20 հազար մարդ: Մենք նախատեսում ենք, որ այս ցուցանիշը կբազմապատկվի այն ժամանակ, երբ մենք ավելացնենք կացարանատների, հյուրանոցների, ռեստորանների և հուշանվերների սրահների թիվը վանական համալիրը շրջապատող յոթ գյուղերում», - ասաց Զեյթունցյանը: