Զախարով. Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով
23/08/2010 20:27

Զախարով. Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

«Հայաստանում ռուսական զինուժը չի մասնակցի ռազմական գործողություններին, որոնք, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, սկսվելու են շատ շուտով, փոխարենը` ռուսական ռազմաբազայի ներկայությունն ու տեղակայումը հնարավորություն է տալիս Հայաստանին` ավելի պաշտպանված լինել»,- հայտարարեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, որի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի քաղաքագետները գնահատականներ տվեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի արդյունքներին:

Այնուամենայնիվ, Վ. Զախարովի համոզմամբ, Ռուսաստանի նախագահի այցելության ամենակարևոր արդյունքն այն հայտարարությունն է, որ նա արել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` ընդգծելով, որ Ղարբաղյան հակամարտության լուծումը պետք է ընթանա միայն խաղաղ ճանապարհով:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, և այդպիսով պաշտոնական կոչ է անում Ադրբեջանին, որտեղ անընդհատ ռազմատենչ հայտարարություններն են արվում»,- շեշտեց Վ. Զախարովը:

Ամփոփելով այցի արդյունքները` քաղաքագետը հայտնեց նաև, որ այցից հետո Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ազդեցությունը: Իր այս տեսակետը Վ. Զախարովը բացատրեց այն բարձր մակարդակի ուշադրությամբ, որը Ռուսաստանի նախագահը հատկացնում է ռուսերենին, և այն փաստով, որ Հայաստանում Ռուսատանի նախագահը պետական մրցանակներ է շնորհել Ռուս-հայկական սլավոնական համալսարանի մի շարք դասախոսների:
 

Զախարով. Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով