«Հայաստանի համար կարևոր է ստեղծել  ինքնաբավ էներգետիկա»
23/08/2010 17:51

«Հայաստանի համար կարևոր է ստեղծել ինքնաբավ էներգետիկա»

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի առաջին արդյունքը, միանշանակ, ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգումն է»,- հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Ըստ Վ. Ժարիխինի` ստորագրված պայմանագրում տեղ գտած փոփոխությունները, որոնք վերաբերում են ոչ միայն ռազմաբազայի գործունեության ժամկետներին, այլև` դրա առաջ դրված խնդիրներին, կարևոր են և’ Հայաստանի, և’ Ռուսաստանի համար: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները կարևոր են նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների ամրապնդման համար:

«Միգուցե հարևան երկրներից մեկը հակազդի, բայց ես կարծում եմ, որ, ըստ էության, ռուսական ռազմաբազաների այսպիսի կարգավիճակը հանգեցնում է նրան, որ Կովկասյան հիմնախնդիրների լուծման վերաբերյալ տարվող բանակցություններն ընթանան միայն խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց քաղաքագետը:

Վ. Ժարիխինը ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից կարևորեց նաև Հայաստանի` միջուկային էներգետիկայի ոլորտում ունեցած տնտեսական համագործակցությունը: Ըստ նրա` Հայաստանի համար սկզբունքորեն շատ կարևոր է ստեղծել ինքնաբավ էներգետիկա, որը կախված չի լինի այն հանգամանքներից, որոնք կարող են տեղի ունենալ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող տարածաշրջաններում:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին` Վ. Ժարիխինը կարծիք հայտնեց, որ և’ Ռուսաստանը, և’ Հայաստանը պետք է ռազմաքաղաքական հարաբերություներում ակտիվ կերպով համագործկցեն գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշման շուրջ, թե ինչպես օժանդակություն հատկացնեն ՀԱՊԿ անդամ-պետություններին այնպիսի դեպքերում, ինչպիսին վերջերս Ղրղզստանի իրադարձություններն էին` խուսափելով ներքաղաքական հարցերում միջամտություն ունենալուց:

Ըստ քաղաքագետի` սա շատ կարևոր հարց է, որը ՀԱՊԿ անդամ պետությունները քննարկեցին, քանի որ «գիտակցեցին, որ այն թելադրված է ստեղծված իրավիճակով»:
 

«Հայաստանի համար կարևոր է ստեղծել ինքնաբավ էներգետիկա»