Ա.Զաքարյանը` Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ
23/08/2010 12:19

Ա.Զաքարյանը` Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ

«Հայաստանում անցկացված ոչ պաշտոնական գագաթնաժողովը աշխատանքային հարթակ և հնարավորություն էր` զարգացնելու ՀԱՊԿ նպատակներն ու հնարավորությունները անդամ երկրների ռազմաքաղաքական համագործակցության և փոխաջակցության խնդիրներում»,- անդրադառնալով Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին և դրա արդյուքներին՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքերով, գագաթնաժողովը վկայությունն էր նաև այն բանի, որ ՀԱՊԿ անդամ երկրներն իրական քաղաքական հարթության վրա տարեցտարի ավելի շատ ընդհանուր շահեր են գտնում քան բաժանարարներ, իսկ դա ռազմա-քաղաքական ցանկացած դաշինքի կենսունակության, արդյունավետության և հեռանկարային պլանավորման կարևորագույն նախապայման է:

«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, որի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ պետությունների անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ»,- ասաց խորհրդարանականը: