.jpg)
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` ԱՄՆ սև ցուցակում
ԱՄՆ կառավարությունը հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից Իրանի դեմ ընդունված վերջին պատժամիջոցները խախտելու մեջ կասկածվող օտարերկրյա ընկերությունների գործունեությանը:
Արևմտյան աղբյուրներից «Ենի Մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ նման ընկերությունների մեջ տեղ են գտել Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի որոշ այլ երկրների մի շարք մեծ տնտեսական կառույցներ, այդ թվում նաև` պետական ձեռնարկություններ: Հայտնվում է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներին հակառակ` այդ ընկերություններն ընդլայնում են իրենց առևտրային կապերն Իրանի հետ: ԱՄՆ պետքարտուղարության և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը վերջերս եղել է Թուրքիայում և անհանգստություն հայտնել, պատժամիջոցներին հակառակ, Իրանի հետ սերտ կապեր պահպանող ընկերությունների և բանկերի գործունեության կապակցությամբ: Պատվիրակությունը զգուշացրել է, որ նման ընկերությունները կմտցվեն ԱՄՆ-ի «Սև ցուցակ» և կպատժվեն. ամենաքիչը կսառեցվեն դրանց բանկային հաշիվները:
«Չի բացառվում, որ ԱՄՆ-ը «Սև ցուցակի» մեջ մտցնի նաև Իրանի հետ աշխատող Ադրբեջանի ընկերություններին: Բայց Ադրբեջանի կառավարությունը նախկինի պես մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ պատժամիջոցներին: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մինչև վերջերս շարունակում էր բենզին արտահանել Իրան: Այն դեպքում, երբ աշխարհի առաջատար էներեգետիկ ընկերությունները սառեցնում են իրենց կապերը, SOCAR-ը զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ: Միայն SOCAR-ը չէ. Իրանը նավթամթերք և իրեն անհրաժեշտ այլ ապրանքներ է գնում Ադրբեջանից նաև որոշ մասնավոր ընկերությունների միջոցով»,- հայտնում է «Ենի Մուսավաթը»: