.jpg)
Զ.Եկավյան. «Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»
Օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավար, լեզվաբան, մշակութային գործիչ Զավեն Եկավյանի հետ:
Հայ մշակույթին` Մայր Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի մատուցած անգնահատելի ծառայությունների համար ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը նրան շնորհեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ:
Ինչպես հայտնում են Ազգային գրադարանի հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին ՀԱԳ գիտխորհրդի անդամներ, մտավորականներ, հասարակական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Իր խոսքում ՀԱԳ տնօրենը համառոտ ներկայացրեց Զ.Եկավյանի գործունեության շրջանակները: Բարեգործական ծրագրերից Դավիթ Սարգսյանը հատկապես շեշտեց նրա մեծ ներդրումը գրահրատարակչական, գրադարանային գործում:
«Այսօր Սփյուռքում առկա ամենամեծ` հայապահպանության խնդիրը մենք փորձում ենք լուծել Զավեն Եկավյանի նման անհատների միջոցով», -ասաց Դ.Սարգսյանը:
Զ.Եկավյանի գիտական գործունեության մեջ նա առանձնացրեց ներդրումը լեզվաբանության մեջ, նշելով նրա հեղինակած «Հնդեվրոպական լեզուների բառապաշարը և հայերենի տեղը» (1975թ.), «Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում» (1976թ.), «Մխիթարյան միաբանությունը և բառարանագրությունը» և այլ գրքեր:
Պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի խոսքով` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի` Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ ուշադրությունը պայմանավորված է Զ.Եկավյանի ակտիվ գործունեությամբ և ազգանվիրումով:
«Նրա ջանքերով կյանքի կոչվեցին այնպիսի կարևոր հրատարակություններ, որոնցից է Նիկողայոս Ադոնցի Երկերի 5 հատորյակը, Հակոբ Մանանդյանի Երկերի 7-րդ հատորը, մինչդեռ 6-րդը հրատարակվել է 25 տարի առաջ: Զավեն Եկավյանն առաջարկել է տպագրել նաև 8-րդ հատորը»,-ասաց Պ.Հովհաննիսյանը` Զավեն Եկավյանին նվիրելով Ն.Ադոնցի Երկերի առաջին հատորը:
Զ.Եկավյանի նվիրումի, ազգասիրության, հայրենասիրության մասին խոսեց հասարակական-մշակութային սփյուռքահայ գործիչ Ժիրայր Դանիելյանը:
«Զավեն Եկավյան երևույթը հազվագյուտ է մեզանում, ընդհանրապես նա սոսկ գրքի հրատարակման մեկենաս չէ, այլ հրատարակության նախաձեռնության հեղինակ»,- ասաց Ժ.Դանիելյանը:
ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ նման հանդիպումն անց է կացնում Հայաստանի Ազգային գրադարանը:
«Այս հարկի ներքո շատ նշանավոր անհատներ են հյուրընկալվել, սակայն այս մեկը բացառիկ է, քանզի Զավեն Եկավյանի ջանքերով վերջին երեք տասնամյակներին Հայաստանը ստանում է արտերկրում հրատարակված բարձրարժեք, հազվագյուտ հրատարակությունները»: Առաջիկայում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրինությունը նույնպես կպարգևատրի Զ.Եկավյանին:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը հիշում է, որ Զ.Եկավյանը ուսանողական տարիներին հաճախ էր լինում իրենց տանը, օգտվում հոր` գրականագետ, թատերագետ Գառնիկ Ստեփանյանի հարուստ գրադարանից: «Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում սերը գրքի նկատմամբ»,-ասաց նա:
Ինքը` Զավեն Եկավյանը խոստովանում է, որ հաջողությունների համար պարտական է Հայաստանի Ազգային գրադարանին: Նշում է, որ գրքի հրատարակությունը ֆինանսավորելը հերոսություն չէ, այլ մեր պարտքն է` պահպանել հայ գիրը, մշակույթը: Իսկ առանց տպագիր ժառանգության չի պահպանվի մեր մշակույթը: «Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»,- իր շնորհակալական խոսքն այսպես ամփոփեց Զ.Եկավյանը:
Նա ծանոթացավ Ազգային գրադարանում պահպանվող եզակի հրատարակություններին, ընթերցասրահներին: Գրադարանում բացված ցուցափեղկերից մեկում ներկայացված էին Զ.Եկավյանին նվիրված հոդվածներ` տպագրված տարբեր թերթերում:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաև մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Զավեն Եկավյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: