.jpg)
Ռ.Հակոբյան.Հայ-ռուսական փաստաթղթի շուրջ դեռ վաղ է գնահատական տալ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության վերաբեյալ ստորագրված փաստաթղթին վերջնական գնահատական տալ դեռ վաղ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, և նշեց, որ ունի որոշ հարցադրումներ, որոնց պատասխանները ստանալուց հետո միայն կարող է վերջնական գահատական ներկայացնել:
Ռ. Հակոբյանը հայտնեց, որ փաստաթղթի ստորագրումը լուրջ քաղաքական իրադարձություն է, և դրանում կատարված բովանդակային փոփոխությունները առանցքային են ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև տարածաշրջանի համար:
Այս առիթով քաղաքական գործիչը նշեց նաև, որ իր առաջին հարցադրումը կապված է Արցախի անվտանգության հետ և հավելեց, որ «պայմանագրում չի երևում, որ Արցախը պաշտպանված է»: Ռ. Հակոբյանի մյուս հարցադրումը կապված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Ս-300 (S-300) զինատեսակի հնարավոր վաճառքի մասին լուրերի հետ, որոնք, ըստ նրա, ո’չ հաստատվել և ո’չ էլ հերքվել են Ռուսաստանի կողմից:
«Եթե այս նույն զինատեսակը վաճառվեր Ադրբեջանին Թուրիքայի, Իսրայելի կամ այլ պետության կողմից, հասկանալի կլիներ, բայց պետք է նկատի ունենալ, որ այն վաճառվում է մեր ռազմական դաշնակցի կողմից, այն դեպքում, երբ վաճառողն էլ ասում է, որ այն վաճառում է իր մյուս ռազմավարական դաշնակցին»,- նշեց Ռ. Հակոբյանն ու հավելեց. «Հստակ է մի բան, որ անխոցելի է դառնում Արդբեջանն` իր պաշտպանողական համակարգով և եթե վաղը ռազմական գործողություններ տեղի ունենան` Արցախի հետ կապված, հասկանալի է, որ Հայաստանը պետք է մասնակցի, և այդ դեպքում, բնականաբար, այդ զինատեսակը կօգտագործվի Հայաստանի դեմ, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում»:
Վերջին հարցը, որը մտահոգում է քաղաքական գործչին, ռազմաբազայի գործունեության ժամկետը մինչև 49 տարի երկարաձգելն է: Նա նշեց, որ տեղյակ չէ մի նախադեպի, երբ «որևէ պայմանագիր դեռ ուժի մեջ է ևս 10 տարի, և այն երկարաձգում են այն պարագայում, երբ այդ փոփոխությունները հնարավոր էր կատարել գործող պայմանագրում»:
«Ինչու՞ այն երկարաձգել և ինչու՞ 49 տարի: Հրապարակային հնչեցվում է այս հարցը, և որևէ հոդաբաշխ պատասխան իշխանությունները չեն տվել»,- հարցադրեց Ռ. Հակոբյանն ու հույս հայտնեց, որ մինչև պայմանագիրն իրավական ուժ կստանա` ինքն էլ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները և այդ ժամանակ` վերջնական գնահատական կտա: